Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը կառուցվելու է Իրանի ու Ադրբեջանի հետ համատեղ: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում:
Նախարարությունից հայտնել են, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի շնորհիվ Թուրքիան կկարողանա բեռներ տեղափոխել Իրանի տարածքով դեպի Պակիստան ու Աֆղանստան:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արտադրանքն առանց մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով ներկրվելու է Թուրքիա։ Թուրքիայի կառավարության որոշումը վերաբերում է 43 անուն ապրանքներին (13 գյուղատնտեսական ապրանք և 30 արդյունաբերական ապրանք):
Թուրքական կառավարության որոշման համաձայն՝ տարեկան Նախիջևանում արտադրվող 100 միլիոն դոլարի ապրանքը Թուրքիա է ներկրվելու առանց մաքսատուրքերի։
Այս քայլով Թուքիան փորձում է տնտեսապես «կլանել» Նախիջևանը` այդ տարածքը դարձնել թուրքական միանձնյա ազդեցության գոտի, դադարեցնել Նախիջևանից բնակչության արտահոսքը, քանի որ Անկարայի համար կարևոր է պահպանել այդ տարածքը՝ որպես պանթուրքական գործողությունների պլացդարմ ընդդեմ ՀՀ-ի ու Իրանի։
Տնտեսապես աջակցելով Նախիջևանին՝ Թուրքիան փորձում է մեղմել այդ անկլավի տնտեսական կտրվածությունն Ադրբեջանից, ու դա արվում է Բաքվի թույլտվությամբ ու ադրբեջանա-թուրքական տանդեմի համագործակցության տրամաբանության շրջանակներում։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ՝ Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։
Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով՝ նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ-Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին, ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը: