Կարծում եմ` չկա այն քաղաքական ռեսուրսը, որով հնարավոր կլինի ազդել Ադրբեջանի այս կամ պետության կողմից սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարման ընթացակարգերի վրա։ Եվ առհասարակ, նման գործընթացների վրա ներազդման քաղաքական ռեսուրսներ կարող են ունենալ թերևս տարածաշրջանային ու միջազգային առաջատար խաղացողները, ուստի ռեսուրսների վատնում կարելի է համարել այն ջանքերը, որոնք ուղղված են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից, Պակիստանից կամ որևէ այլ երկրից Ադրբեջանի սպառազինությունների մատակարարումների զսպմանը։ Բացի այդ՝ ի թիվս այդ գործարքների քաղաքական ենթատեքստի՝ զենքի վաճառքը համարվում է միջազգային խոշորագույն շուկաներից մեկը, որից ստացվող հսկայածավալ եկամուտներից չի հրաժարվի և ոչ մի երկիր։ Ավելին, եթե նույնիսկ կրճատվեն Ադրբեջանին նշյալ երկրների կողմից սպառազինությունների մատակարարումները, միշտ էլ կգտնվեն այլ պետություններ, որոնք կփոխարինեն նախորդներին։
Արդյունավետ ճանապարհը թերևս այլընտրանք չունի, այն է` պահպանել հակառակորդի նկատմամբ ուժային հավասարակշռությունը` թռիչքային աճ ապահովելով ազգային ռազմաարդյունաբերական պոտենցիալի համար։ Ավելին՝ սա իրապես միակ արդյունավետ տարբերակն է, քանի որ զենքի գնումների շուկայում Հայաստանն իր ֆինանսական կապիտալով չի կարող մրցունակ լինել Ադրբեջանի հետ առնվազն առաջիկա տասնամյակում։ Մինչդեռ հայության գիտական-մտավոր կապիտալի հիման վրա ազգային ռազմական պոտենցիալի զարգացումը պահանջում է անհամեմատ քիչ ֆինանսական և կառավարման ռեսուրսներ։