Բաքուն և Կիևը բանակցություններ են վարում ուկրաինական հակատանկային Կորսար համակարգի համատեղ արտադրության շուրջ:
«Укроборонпром»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցությունները սկսվել են 2016թ.-ին, իսկ Ուկրաինան միշտ էլ պատրաստ է տեխնոլոգիաների տրանսֆերտին Ադրբեջան:
Բացի այդ՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնել է բելառուսական Պոլոնեզ և իսրայելական LORA համակարգեր․ բոլորն էլ հարձակողական զինատեսակներ են` բավականին մեծ խոցման շառավղով:
Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման։ Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որոնք կբավարարեն Բաքվին:
Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի` հարձակողական զինատեսակներ` հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան։ Հասկանալի է, որ դա արվում է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին` Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում` Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզը, ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա․ Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը՝ Բաքուն նպատակ ունի փոշիացնելու, ցրելու ՀՀ-ի ուժերը տարբեր ճակատներով` ղարաբաղյան, Տավուշ` հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:
Նույն ռազմավարությունն է Բաքուն օգտագործելու Տավուշի ուղղությամբ` կրակի տակ պահելով ՀՀ-Վրաստան կյանքի ճանապարհն ու սահմանամերձ գյուղեր, թույլ չի տալու 3-րդ բանակային կորպուսի լրացուցիչ ուժերին տեղաշարժվել Արցախ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:
Ադրբեջանը պատրաստվում է թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական մարտերին` մեծ քանակությամբ գնելով հարվածային անօդաչուներ (որոշ տեսակներ արդեն իսկ արտադրվում են Ադրբեջանում), հակատանկային միջոցներ` իսրայելական, ռուսական, ուկրաինական, որպեսզի թույլ չտան հայկական ուժերին տանկային գրոհներով դուրս գալու օպերատիվ խորություն` Քուռ գետի ափ ու Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող Գյանջա-Ղազախական տնտեսական շրջան (այնտեղով են անցնում բոլոր նավթագազամուղերը, Բաքու-Թբիլիսի երկաթուղին, Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհը):
Ադրբեջանի միլիտարիզացիայի աստիճանը պետք է ահազանգ լինի։ ՀՀ-ԼՂՀ-ն պետք է ավելացնել թե՛ ռազմական բյուջեն, թե՛ նոր զինատեսակներ գնեն, ինչպես նաև հնարավորության սահմաններում բարելավեն առաջնագծի կոնֆիգուրացիան չեզոք գոտիների հաշվին, այլ ինժեներական հնարքների միջոցով: