Մեծարգո պարոն նախագահ, հարգելի վարչապետ և նախարար, չէի գրի ձեզ, եթե այս օրերին ականատեսը չլինեի մի քանի տասնյակ ազատամարտիկների բողոքի ցույցերին-նստացույցերին։ Ցավով եմ ասում սա, բայց այո՛, մի՞թե մենք ի վիճակի չենք մեր հայրենիքը իրենց կյանքի գնով ազատագրած ազատամարտիկների կյանքի տարրական նվազագույն պայմաններն ապահովելու, մի՞թե մարդիկ, որոնք թողել են ընտանիքներ, տուն և տեղ ու մեկնել մարտադաշտ՝ հանուն բոլորիս, կռվել ու պաշտպանել են մեր երկիրը, այսօր իրավունք չունեն ապրել մարդավայել կյանքով, չպետք է հարգված լինեն մեր երկրի իշխանությունների, բոլորիս կողմից։ Մեծարգո պարոն նախագահ, որպես Արցախյան պատերազմի մասնակից, որպես մարտական ուղի անցած մարդ, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և հանրապետության նախագահ, խնդրում եմ Ձեզ, որպեսզի կարճ ժամանակում ցուցումներ տաք վարչապետ Տիգրան Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ շուտափույթ կերպով լուծելու, վերանայելու բողոքի ցույցի դուրս եկած բոլոր ազատամարտիկների խնդիրները, գործերը, սոցիալական պայմանները, իրենց բոլոր մտահոգությունները։ Ցավում եմ, որ այսօր կարող էր նման բան տեղի ունենալ, երբ մենք սառը պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, պետություն, որը ամեն մի պատեհ ու անպատեհ առիթ փնտրում է վարկաբեկելու մեր երկիրը, մեր բանակը, մեր հերոսներին, մեր հերոսական փառահեղ պատմությունը։ Մեծարգո պարոն նախագահ, իսկապես ցավալի ու ամոթալի մի իրավիճակ է ստեղծվել, երբ այն երկիրը, որի ղեկավարը Դուք եք, այն երկիրը, որ պայքարում է անարդար ու հզոր աշխարհի դեմ, որը Ադրբեջանի հետ փոխհրաձգության մեջ է, որը հաղթել է Արցախյան պատերազմը, նրա զավակները՝ քաջ հերոս տղաները, այսօր հացի կարիք են զգում, երբ հերոսների երեխաները խայտառակ ծայրահեղ ծանր ու դժվարին մանկություն են ապրում, սա պետք է մտահոգի Ձեզ և բոլորիս, մեզանից յուրքանչյուրին։ Լինելով երիտասարդ, քաջ գիտակցելով Արցախյան պատերազմի խորհուրդը, կռած հաղթանակը, հայ ժողովրդի հերոս տղաների սխրագործությունները, նրանց կատարած հերոսական ու անգնահատելի պետական աշխատանքը, ծառայությունը՝ խնդրում եմ Ձեզ, որ անձամբ ծանոթանանք բողոքի դուրս եկած ազատամարտիկների, հերոսների խնդիրներին, եթե հնարավոր է, հանդիպեք նրանց հետ և դեմ առ դեմ փորձեք հասկանալ՝ ինչից են դժգոհ այն մարդիկ, որոնց կերտել են մեր հայրենիքը, որոնք պատմության մեջ են մտել՝ որպես հերոսներ և քաջեր, որոնցից ոմանք վստահաբար ձեզ լավ են ճանաչում, դուք էլ՝ իրենց, մարտական պայմաններում հանդիպած կլինեք նրանց։ Այս օրերին սրտի կսկիծով ու տխրությամբ են հետևում այդ մարդկանց գործողություններին և կառավարության անհասանելի ու անհասկանալի պատասխանին։ Պարոն նախագահ, մեծարգո Սերժ Ազատի, բարձր գնահատելով ձեր ավանդն ու ներդրումը Արցախյան պատերազմում, Շուշին ազատագրելու, մեր բանակի, զինված ուժերի զարգացման ու կայացման, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու գործում, խնդրում եմ Ձեզ անձամբ ծանոթանալ այս օրերին նստացույցի դուրս եկած ազատամարտիկների խնդիրներին, բողոք-պահանջներին և տալ արժանի գնահատական, տեղ տա նրանց, արժանապատիվ ու նորմալ, բարեկեցիկ կյանքով ապրելու իրենց իսկ ազատագրած հայրենիքում, իրենց իսկ պաշտելի երկրում, մայր հողում։ Պարոն նախագահ, ակնկալում եմ Ձեր խիստ ու արդար գնահատականը այս խայտառակ և ամոթալի իրադարձությանը, դեպքին։
Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի, ԵՊՀ ուսանող Սմբատ Ղահրամանյան — с Նոր Միտք и еще 3.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/503587246363800
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել