Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ լալա- լյուլյուից բացի ինձ համար շատ հետաքրքիր մի պարբերություն առանձնացրեցի.

«Նախարարի կարգադրությամբ` այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար»:

Հարգարժան գյուղատնտեսության նախարար, հետաքրքիր է Դուք ընդհանրապես գիտակցո՞ւմ եք, թե 2013 թվականի որ ամիսն է (ՄԱՅԻՍ):

Կամ ինչպես եք պատկերացնում, որ այդ սերմերը կամ սածիլները տանեք ու բաժանեք հողօգտագործողներին, այդ ինչպե՞ս են նրանք հասցնելու, որ բերք ստանան, շուկա դուրս բերեն արտադրված բերքը եւ մի հատ էլ իրացնեն:

Լավ, համարենք (իհարկե, չեմ հավատում), որ սածիլներով եւ սերմերով այդ հարցը լուծեցիք, բա ծիրանի եւ խաղողի բերքը ո՞նց եք վերականգնելու:

Գյուղացին դեկտեմբեր ամսվանից հողի հետ կռիվ տալով սածիլ է մեծացրել փոքրիկ ջերմատներում (էլ չեմ ասում, թե ինչ գումարներ է ծախսել այդ ջերմատնեը ջեռուցելու համար), իսկ այսօր դատարկ նստել ու հիշում է Ավ. Իսահակյանի՝ «Ախ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ» բանաստեղծության տողերը:

Այսօր մի տեղ նաեւ կարդացի, որ ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը պնդում է, թե իբր մեր հակակարկտային կայանները երեկ վնասազերծվել են 4 կարկտային ամպ, եւ կատարվել է մոտ 33 հազար կրակոց:

Հարգարժան Հովսեփյան, ես ինքս Ձեզ ճանաչելով, չէի պատկերացնի, որ նման ՍՈւՏ կարող եք հորինել…

Եթե կրակել են 33 հազար անգամ, ապա յուրաքանչյուր կայան իր հերթին գործի է դրվել մոտավորապես 200 – 500 անգամ: Նման ՍՈւՏ, չէի պատկերացնի: 
Այո, իհարկե կրակել են, բայց ոչ Արմավիրի մարզում, կրակվողները եղել են Արարատի մարզի հակակարկտային կայանները:

Եվ ընդհանրապես, դուք պատկերացնում եք, եթե ամեն համայնքում այդքան անգամ կայանները կրակած լինեին, այն էլ կես ժամում, ապա հավատացեք, որ կայաններն այսօր վերազինման կարիք կունենան, իսկ այդ կառույցներին մոտ ապրող մարդկանց մոտ կնկատվեն լսողության խախտում:

ՀԻՇԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՇԵՄ, ԻՄԱՑԵՔ

Լսողության օրգաններն ընկալում են 16-20 հազար Հց հաճախականության դիապազոնով լսելի ձայնային հաճախականությունները: Տատանումները 16 Հց-ից ցածր (ինֆրաձայն) եւ 20 հազար Հց-ից բարձր (ուլտրաձայն) չեն ընկալում լսողության օրգանների կոմից եւ վնասակար են ազդում մարդու օրգանիզմի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել