Ադանա

Ադանան գտնվում է Սարոս գետի ափին՝ Միջերկրական ծովի ափից 50 կմ հեռավորության վրա: Քաղաքը մտել է Կիլիկյան թագավորության կազմի մեջ և ռազմավարական նշանակություն է ունեցել, առևտրի մեջ է եղել Փոքր Ասիայի և Սիրիայի քաղաքների հետ: 20-րդ դարի սկզբին Ադանայի բնակչությունը կազմում էր 490,000 մարդ, որոնցից 41.8%-ը հայեր էին, և միայն 15.9%-ն էին թուրքեր: Ավելի վաղ այստեղ էր գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Ադանայի թեմի կենտրոնը: Սակայն թուրքական իշխանությունների որոշմամբ ոչնչացվեցին հայկական դպրոցները, տները, այգիները, եկեղեցիները և կոտորվեց հայ բնակչությունը: 1910-1922 թվականներին Ադանայում հրատարակվել են «Ադանա» հայատառ թուրքերեն եռօրյա թերթը, «Արձագանք Կիլիկիա», «Կիլիկիա», «Հայ ձայն», «Տավրոս», «Քաղաքացի», «Ազատ Տավրոս», «Արարատ», «Նոր աշխարհ», «Կիլիկյան սուրհանդակ», «Նոր սերունդ» հայկական թերթերը։  Այսօր Ադանան համարվում է խոշոր արդյունաբերական քաղաք, որտեղ զարգացած է տեքստիլ, քիմիական և սննդի արդյունաբերությունը:

Անի

Ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում գտնվում է ուրվական-քաղաք Անին, որը ավելի քան 1600 տարի առաջ Ախուրյան գետի ափին գտնվող հայկական Անի թագավորության մայրաքաղաքն էր: Ախուրյան գետի կիրճի և Բոստանլար բլրի կազմած եռանկյունաձև սարահարթի վրա էր գտնվում մի քանի առևտրական ճանապարհների խաչման կենտրոն հանդիսացող Անին: Քաղաքի գլխավոր առևտրական դաշնակիցները Բյուզանդական և Պարսկական կայսրություններն էին, արաբները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և ներկայիս Ռուսաստանի ժողովուրդները: Իր ժամանակներում Անին համարվում էր ամենախոշոր քաղաքներից մեկն աշխարհում, իսկ այսօր այն ուրվական-քաղաք է, որտեղ բնակչութուն չկա: Սելջուկ-թուրքերի արշավանքներից, ավերածություններից ու երկրաշարժերից հետո «1000 ու մեկ եկեղեցիների քաղաքից» այսօր մնացել են միայն դատարկությունն ու ավերակները»:

Բիթլիս

Հին հայկական քաղաք Բիթլիսը պատմության մեջ հիշատակվում է այլ անվանումներով՝ Սեբեոս և Բաղեշ: Որոշ պատմաբաններ կարծում են, որ առևրական ու ռազմական ռազմավարությունների տեսանկյունից քաղաքի դիրքը բոլոր ժամանակներում օգնել է դրա աճին ու ծաղկմանը: Քաղաքով էր անցնում ամենախոշոր ճանապարհներից մեկը, որը միացնում էր ծովային Տրապեզունդ քաղաքն ու կենտրոնական Հայաստանի քաղաքները Միջագետքին: 7-րդ դարում քաղաքը նվաճեցին արաբները, 9-րդ դարում՝ բյուզանդացիները, 10-րդ դարում՝ քրդերը, 12-րդ դարում՝ սելջուկները, 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը: Քաղաքի հիմնական բնակչությունը 400,000 էր կազմում, և դրա մեծ մասը հայերն էին, որոնք մինչև 19-րդ դարի սկիզբը ամենամեծաթիվ էթնիկ խումբը մնացին տարածքում: Նրանք, ովքեր հաջողեցին ապաստան գտնել ու փրկվել ցեղասպանության տարիներին, բնակատեղի գտան Արևելյան Հայաստանում:

Վան

Ներկայիս քաղաք Վանի տարածքը հնագույն Ուրարտու թագավորության կենտրոնական մասն էր: Տարբեր ժամանակներում այն մտել է Մեծ Հայքի, Վասպուրականի թագավորության, Բյուզանդական կայսրության, սելջուկների պետության, Օսմանյան կայսրության կազմի մեջ: Դարեր շարունակ հայերն այս քաղաքի բնակչության մեծամասնությունն են կազմել, մինչև որ նրանց չոչնչացրին 1915-1923 թվականներին: Այդժամ հին քաղաք Վանն ամբողջովին ավերվեց, իսկ նույնանուն քաղաքն այսօր գտնվում հին Վանի ավերակների մոտակայքում և բնակեցված է թուրքերով և քրդերով: Ներկայիս Վան քաղաքում պահպանվել են հին քաղաքակրթությունների ճարտարապետական հետքեր՝ Վանի ամրոցը, Այանիս ամրոցը: Զբոսաշրջիկներին գրավում է նաև Վանա լիճը: Վանի ևս մեկ առանձնահատկություն է վանա կատուն, որը տարբեր գույների աչքեր ունի:

Դիարբեքիր

Միտաննիի պետության գոյության ժամանակ քաղաքը կրում էր Ամիդ անվանումը, իսկ ավելի ուշ՝ Արտաշեսյանների գահակալման ընթացքում՝ Տիգրանակերտ: Քաղաքը բազմաթիվ հարձակումների է ենթարկվել. այն նվաճել են ասորիները, պարսիկները, հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, սելջուկներն ու քրդերը: 20-րդ դարի սկզբին կոտորվեց բնակչության ավելի քան 5%-ը՝ հայերը, ասորիները, հույներն ու բուլղարները: Ներկայումս այն ամբողջությամբ բնակեցված է քրդերով: 30-ականների սկզբին Ամիդն անվանափոխեցին Դիարբեքիրի՝ ի պատիվ քուրդ ցեղ Բեքիրի, և այսօր այն ոչ պաշտոնապես համարվում է Թուրքական Քուրդիստանի մայրաքաղաքը: Մինչ օրս բացի քրդերից այստեղ ապրում են մեծ թվով ծպտյալ հայեր, որոնք, փախչելով մահից, իսլամ են ընդունել:

Կարս

Համաձայն պատմության՝ Կարս քաղաքը հիմնադրվել է 4-րդ դարում և մեծ նշանակություն է ունեցել միջնադարյան Հայաստանի պետական ու հասարակական կյանքւմ: Այն Այրարատ նահանգի Վանանդ գավառի կենտրոնն էր և համարվում էր արհեստների խոշոր կենտրոն, որով միջազգային առևտրային ճանապարհներ էին անցբում: 10-րդ դարի սկզբին քաղաքը որոշ ժամանակով դարձավ Հայաստանի մայրաքաղաքը, մինչև որ արքա Աշոտ III-ը նոր մայրաքաղաքը չտեղափոխեց Անի: Այսպես, 10-11-րդ դարերում Կարսը հայկական Վանանդի կամ Կարսի թագավորության մայրաքաղաքն էր. այդ ժամանակաշրջանում իշխում էին Բագրատունիները: Ներկայումս Կարսից մնացել է միայն հայկական եկեղեցին՝ կառուցված Աբաս արքայի կողմից, որը 1978-ին վերածվեց մզկիթի:

Մուշ

Գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու, Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափին։ Քաղաքից նշմարվում է Նեմրութ սարը, որը Հայկական լեռնաշխարհի ու Մուշի հովտի ամենագեղեցիկ լեռներից է: Համարվում է, որ Մուշ անվանումը առաջացել է հայերեն «մշուշ» բառից: Համաձայն հայկական լեգենդի՝ Աստղիկ աստվածուհին ամեն երեկո լողում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում: Նա շատ գեղեցիկ էր, և գյուղացիները հետևում էին նրան՝ բլուրներում խարույկներ վառելով: Իմանալով դա՝ աստվածուհին թանձր մշուշ ստեղծեց, որպեսզի գյուղացիները չկարողանան տեսնել իր մերկությունը: Այդ օրվանից ի վեր ողջ տարածքը պատված է մշուշով: Այսպես տեղանքը սկսեցին կոչել Մշուշ, ինչն էլ հետագայում վերափոխվեց Մուշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել