ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Երևանի ավագանու մանդատները վերցնելու կուսակցական վճիռը...
«Որպես այդպիսին՝ խորքային քննարկումներ չեն եղել: Եղել է տեսակետ, որ պետք չէ վերցնել մանդատները, բայց գերակշռող էր այն տեսակետը, որ մենք բարոյական պարտավորություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների առջեւ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին: Որոշվել է վերցնել մանդատները եւ փորձել Երեւանի ավագանիում բարձրացնել այն հարցերը, որոնք այսօր հրատապ կանգնած են Երեւանի եւ երեւանցու առջեւ: Հստակ կա Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը բոլոր նրանց, ովքեր ներկայացված կլինեն Երեւանի ավագանիում, որ իրենց հիմնական աշխատատեղը ոչ թե իրենց փափուկ, հանգիստ, կոմֆորտ աշխատասենյակներն են լինելու քաղաքապետարանում, այլ` Երեւանի փողոցներում եւ բակերում, պետք է շարունակեն շփվել երեւանցու հետ եւ բոլոր խնդիրները, որ կան` բարձրացնել: Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես` Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում: Դրանք բոլորը պետք է փորձել բարձրացնել Երեւանի ավագանիում: Առաջին երեք տեղերը ինքնաբացարկ կներկայացնեն, այսօր` օրվա վերջում, պարզ կլինի բոլոր 17-ի անունը»:
Այս գրության մեջ մի բան է զարմացնում. «Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես` Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում»,- ասում է մասնագիտական կրթությամբ իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանը: Ստացվում է, որ 2007 թվականից լինելով Ազգային ժողովում, հանդիսանալով ժողովրդի ընտրյալ, իսկ 2008-ից Երևանի ավագանիում ունենալով խմբակցություն՝ ԲՀԿ-ն նոր է միայն տեսնում, թե ինչ լրջագույն խնդիրներ կան Երևանում... Ուրեմն, չորս տարի լինելով ավագանիում, ԲՀԿ-ն չի զբաղվել Երևանի խնդիրներով, չի մտահոգվել կուտակված հարցերով, չի շրջել մայրաքաղաքի փողոցներով: Այդ դեպքում, ինչո՞ւ է հերթական անգամ ԲՀԿ-ն ավագանի գնացել... Ինչպես ՀՀ նախագահը կասեր` որ ի՞նչ անի...



