Բռնապետները բոլորիս չափազանց դաժան ու անզգա են թվում, և դժվար է պատկերացնելը, որ նրանք ևս երեխաներ են ունեցել: Հետաքրքիր է՝ ինչ հարաբերություն են ունեցել նրանք իրենց երեխաների հետ, ինչպես են դասավորվել վերջիններիս ճակատագրերը:
Յակով Ջուղաշվիլի
Յակովը Ստալինի որդին է Եկատերինա Սվանիձեի հետ առաջին ամուսնությունից: Կինը մահացել է երեխայի ծնունդից կես տարի անց՝ տիֆի համաճարակի արդյունքում: Ստալինը, ով շատ էր սիրում իր կնոջը, ասել է. «Այդ արարածը փափկեցնում էր իմ քարե սիրտը: Նա մահացավ, և նրա հետ միասին հեռացան մարդկանց նկատմամբ իմ վերջին ջերմ զգացմունքները»: Յակովը գրեթե որբ դարձավ, քանի որ նրա հեղափոխական հայրը մշտապես բացակայում էր տանից՝ միայն նյութական օգնություն ցուցաբերելով: Տղայի դաստիարակությամբ զբաղվում էին մոր հարազատները, և նա մեծացավ բարի ու մարդասեր:
1921-ին Ստալինը որոշեց վերցնել իր որդուն: Լեռնային գյուղում մեծացած և ռուսերենին գրեթե չտիրապետող Յակովը Մոսկվայում այնքան էլ հարմարավետ չէր զգում: Ստալինը շատ սառն էր նրա նկատմամբ: Հոր ջերմությունն ու սերը նա այդպես էլ չզգաց, քանի որ բռնապետի ընտանիքում տիրում էին դաժան կանոնները: Հայրը ոչ մի անգամ Յակովին «որդի» չի կոչել, և ամենաթեթև սխալի համար անգամ ծեծի էր ենթարկում նրան: Հնարավոր է, որ այդ եղանակով Ստալինը փորձում էր Յակովի մոտ ամուր ու ուժեղ բնավորություն ձևավորել: Հոր հետ լարված հարաբերությունները, մշտական վերահսկողությունն ու նրա հանդեպ քննադատությունները Յակովին հասցրին ինքնասպանոթյան փորձի: Բարեբախտաբար, փորձը հաջող ավարտ չունեցավ. Յակովը ողջ մնաց, սակայն հիվանդանոցում հայտնվեց: Իսկ Ստալինը միայն ծիծաղում էր նրա վրա: Ոչ մի անգամ չայցելեց որդուն հիվանդանոցում, միայն նամակ գրեց կնոջը. «Յաշային փոխանցիր իմ կողմից, որ նա գործեց ինչպես խուլիգան ու շանտաժիստ, որի հետ ես չունեմ ու չեմ կարող ունենալ ոչ մի կապ»: Սակայն հետագայում հոր ու որդու հարաբերությունները համեմատաբար լավացան:
Պատերազմի սկզբում, երբ Յակովը նոր էր ավարտել հրետանային ակադեմիան, նրան դիրքեր կանչեցին: Ուղևորվելուց առաջ նա հեռախոսազրույց ունեցավ հոր հետ, ով կարճ մի բան ասաց. «Գնա՛ և կռվի՛ր»: Արդեն երեք շաբաթ անց Յակովը գերի ընկավ Վիտեբսկում:
Նա իրեն այնտեղ տղամարդավայել պահեց, սակայն շատ անհանգիստ էր, քանի որ ելք չէր գտնում իրավիճակից: Նրա անունը ֆաշիստներն անմիջապես սկսեցին օգտագործել քարոզչական նպատակներով, բացի դրանից, ամեն օր ռադիոյով Ստալինի հայտարարությունն էին ներկայացնում. «Մենք ռազմագերիներ չունենք, մենք միայն հայրենիքի դավաճաններ ունենք»:
1943-ին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում Յակովը վախճանվեց:
Էդա Մուսոլինի
Հեշտ չի ընթացել նաև Մուսոլինիի ավագ դստեր՝ Էդայի ճակատագիրը:
20-րդ դարի կեսերին բռնակալ հայրը արգելեց իր դստերը ամուսնանալ հրեա արդյունաբերողի հետ: Որոշ ժամանակ անց՝ 1930-ին, ամեն դեպքում մեխամասշտաբ ու ճոխ հարսանիք կայացավ, սակայն փեսան կոմս Հալեացո Չիանոն էր, ով Մուսոլինիի դաշնակիցներից էր: Ամուսնության արդյունքում երեք երեխա ծնվեց:
1943-ին Չիանոն միացավ մի խմբավորման, որի նպատակը բռնապետի տապալումն էր: Նրան մեղադրեցին դավաճանության մեջ ու որոշեցին գնդակահարել: Էդան աղաչում էր հորը չեղարկել մահապատիժը, սակայն Մուսոլինին չխղճաց անգամ սեփական դստերը: 1944-ին Հիտլերի ու Մուսոլինիի ներկայությամբ մահապատիժն իրականացրին, որից հետո Էդան երես թեքեց հորից ու փախավ Շվեյցարիա:
Որոշ ժամանակ անց, կարոտելով հայրենիքը, նա վերադարձավ Իտալիա: Այստեղ Էդային անմիջապես բանտարկեցին ու երկու տարվա ազատազրկման ենթարկեցին:
Այս դեպքից հետո Էդան երկար, սակայն բարդ կյանք ունեցավ՝ փորձելով ընդհանրապես չհիշել իր բռնակալ հորը:
Կարմեն Ֆրանկո
Իսպանիայում Ֆրանցիսկո Ֆրանկոյի՝ իշխանության գալու հետ միաժամանակ ռազմական բռնապետություն հիմնվեց, որն ուղեկցվում էր մեծամասշտաբ ռեպրեսիաներով: Ֆրանկոն Իսպանիան կառավարեց մինչև 1975 թվականը, մինչև որ չմահացավ:
Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանցիսկո Ֆրանկոն շատ ուրախ էր իր դստեր ծննդյան փաստի առթիվ, աղջիկը ծանր մանկություն ունեցավ, քանի որ հոր բռնապետությունը տարածվում էր նաև ընտանեկան շրջապատում: Մանկուց Կարմենին խստության մեջ են պահել՝ նրան իրական լեդի դարձնելով: Սակայն Ֆրանկոն անձամբ իր դստերը պատշաճ ուշադրություն չէր ցուցաբերում, քանի որ նրա համար առաջնահերթ կարևորություն ուներ ռազմական կարիերան:
Շատ երիտասարդներ երազում էին Ֆրանկոյի դստեր հետ ծանոթանալու մասին, սակայն Կարմենն ընտրեց վիրաբույժ Քրիստոբալ Մարտինես Բորդյուին, ով, ի դեպ, արել էր երկրում առաջին սրտի փոխպատվաստումը: Եվ չնայած որ Ֆրանկոն իր դստեր կողքին առավել լավ մեկին էր պատկերացնում, նա չընդդիմացավ Կարմենի ընտրությանը: 1950 թ. ապրիլին շքեղ հարսանիք կայացավ:
Որոշ ժամանակ անց փեսան թողեց բժշկությունը և սկսեց զբաղվել առևտրով ու ձեռնարկատիրությամբ՝ այդ ոլորտում մեծ հաջողությունների հասնելով: Հենց այս ամենն էր, որ դուր չէր գալիս Ֆրանկոյին, քանի որ նա միշտ անտարբեր է եղել հարստության ու շքեղության նկատմամբ: Իր փեսայի հանդեպ նա մինչև վերջ շարունակեց սառը վերաբերմունք ցույց տալ: Ամուսնությունից ծնվեց 7 երեխա:
Երկար տարիներ անց հարցազրույցներից մեկում Կարմենն ասաց, որ, չնայած սիրում էր հորը, նրան բացարձակապես դուր չէր գալիս այն, որ Ֆրանկոն բռնապետ էր: Աղջկա սիրտը մշտապես անհանգստության ու վախի մեջ է եղել: Նա վախենում էր, որ հոր բազմահազար հակառակորդներից մեկը կհասնի նաև իրեն ու կվնասի: Ֆրանկոն երկար ժամանակ թաքցրել է դստերը, քանի որ վախենում էր, որ նրան կառևանգի Հիտլերը:
Ժան Մարի Լորե
Հիտլերն իր կնոջից՝ Եվա Բրաունից երեխաներ չի ունեցել, սակայն կան տեղեկություններ այն մասին, որ դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Հիտլերը զինվորական էր, նա կարճատև սիրավեպ է ունեցել ֆրանսուհիներից մեկի հետ, որի արդյունքւոմ էլ լույս աշխարհ է եկել Ժան Մարին:
Պատերազմի ժամանակ Ժան Մարին Դիմադրության անդամ էր և անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ կռվում է ոչ թե արյունարբու բռնապետի, այլ սեփական հոր դեմ: Այն բանի մասին, որ նրա հայրը Հիտլերն է, մայրը Ժան Մարիին պատմել է միայն մահից առաջ:
Այդ պահին Ժան Մարին կոտրվեց: Կյանքի վերջին 20 տարիներին նա առանց հանգստի աշխատանքի էր գնում, որպեսզի ազատ ժամանակ չունենա՝ մտածելու հոր մասին: Մահացավ 1985-ին, երբ 67 տարեկան էր:
Սակայն պատմաբանները մինչ օրս բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր իսկապես հավատում են, որ Ժան Մարին Հիտլերի որդին էր, և նրանք, ովքեր չեն հավատում դրան: