Կարծում էի Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի և ազգիս Վեհափառ Հայրապետի հնազանդության և սթափության կոչերը՝ ուղղված Տ. Կորյուն Վրդ. Առաքելայանին և Տ. Արմեն Քհն. Մելքոնայնին, մտածելու և նահանջելու առիթ կտար: Սակայն սխալվեցի (զի ոչ գիտեն զինչ գործեն (Ղուկ. ԻԳ:34): Թավշյա հեղափոխության ազդեցության տակ գտնվելով՝ պետք չէր տրվել զգացմունքներին և դուրս գալ փողոց ու «Քայլ անել»: Երկրի համար քայլն արդեն արված է, դուք ուշացել եք: Իսկ ներեկեղեցական կյանքում փոփոխությունների համար ձեր կարծեցյալ հեղափոխության քարոզ-քայլերը հարիր չեն հոգևորականին:
Հայ Եկեղեցու անդաստանում Վեհափառ Հայրապետի կողմից կատարված բարեկարգիչ ու շինող, կառուցող փոփոխություն-քայլերը ևս արված են և արվում են դեռևս 1989 թվականից սկսյալ, երբ Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Վեհափառը հիմնեց Սևանի Վազգենյան Դպրանոցը: Դարձյալ Արարատյան Հայրապետական թեմում հիմնեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որն ընդգրկում է 56-ից ավելի դպրոցներ: Կառուցել է տվել 100-ից ավելի եկեղեցիներ, վերանորոգել ավելի քան 40-ը: Շինարարական հսկա աշխատանքներ են տարվել Մայր Աթոռում, կատարվել են մի շարք նորոգություններ, ընդլայնվել է Մայր Աթոռի եկեղեցապատկան տարածքը: Ձեռնադրվել են հարյուրավոր հոգևորականներ մեր ժողովրդին դեպի լույսն առաջնորդելու համար: Վեհափառ Հայրապետի ավանդը Հայ Եկեղեցու շենացման գործում անուրանալի է: Հարգելիներ ուզեք, թե չուզեք, ձեր շահերից բխի, թե չխբի, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը «Գարեգին Շինարար» բարձր տիտղոսով՝ նման Ներսես Մեծին, արդեն իսկ պատմության մեջ քանդակված է:
Մեզ մնում է Վեհափառ Հայրապետին ասել. «Հայր, թող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն» (Ղուկ. ԻԳ:34):
Ներսեհ Աբեղա Ալոյան