Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ ժամանած հայտնի նախաձեռնության անդամներին դիմավորելու և հանդիպման դահլիճ ուղեկցելու պարտականությունը տրվել էր ինձ։ Սակայն քիչ առաջ տեղեկացա, որ իրողությունը խեղաթյուրվել է՝ նշվելով, թե ես դիմավորել եմ ճաղերից դուրս՝ չթողնելով ներս մտնել։ Ես նախընտրում եմ փաստերով խոսել։ Այդքան ստախոս չի կարելի լինել։ Ամենը տեղի է ունեցել լրագրողների ներկայությամբ։
Իրականությունն այն էր, որ երբ մոտեցա Վեհարանի դարպասին, Կարեն Պետրոսյանը մոտեցավ և աջս առավ՝ տեղեկացնելով, որ հանդիպման ֆորմատի պայմանավորվածությունը այլ է եղել, իսկ նախօրեի իմ հայտարարության մեջ նշված է, թե հանդիպումը լինելու է եպիսկոպոսների մասնակցությամբ։ Զարմանալի է, որ մեկ օր առաջ տարածված հանդիպման հաղորդագրության վերաբերյալ ճշտումներ անելը փաստորեն պարզվեց դժվար է, մինչդեռ իրենք հստակ կապ հաստատելու հնարավորություն ունեին Մայր Աթոռի հետ երկու եպիսկոպոսների միջոցով։ Թե ինչ անպատեհություն կա եպիսկոպոսաց մասնակցության վերաբերյալ իմ հարցին ի պատասխան ՝ նույն կտրականությամբ Պետրոսյանը պատասխանեց, որ հանդիպումն իրենց կողմից կչեղարկվի։ Իմ հերթին տեղեկացրեցի, որ ես պարզապես դիմավորելու եմ եկել և բանակցող չեմ, ուստի պետք է սպասեն այս նոր իրադրության մեջ, որպեսզի իրազեկեմ իրենց կողմից առաջադրած պահանջների մասին։ Այնուհետև եկան Սրբազաններ և ձեռք բերվեց պայմանավորվածությունը։ Այս ամենի մեջ, կարծեմ, որևէ արգելք չեմ եղել, դռներ ու ճանապարհներ չեմ փակել։
Սակայն այս օրերին, ինչպես տարբեր եկեղեցականների կողմից արտաբերված խոսքեր փորձ է արվում այլափոխել և ներկայացնել նախաձեռնության շահերի լույսի ներքո, նույնը կատարվեց նաև այս դեպքում։
Եղբայրներ ի Քրիստոս, եղեք ճշմարտախոս։