«Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի և շատ արագ կհանգեցնի ճգնաժամի:


Եվ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսևորումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որևէ մեկն այլևս չունի կայուն մեծամասնություն` չունի 53 մանդատ: Սա այն բանից հետո, երբ հերթական պատգամավորը (երեկվա դրությամբ արդեն վեց հոգի) հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Հիմա երբեմնի իշխող խմբակցությունում մնացել է 52 պատգամավոր, բայց այդ թիվն էլ դեռ նվազելու է:

Մյուս կողմից կայուն մեծամասնություն չունեն գործադիր իշխանությունում ներկայացված «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները. այստեղ էլ 47 պատգամավոր է:
Դեռ փաստ չէ, որ ՀՀԿ-ից դուրս եկածներն ամեն առիթով կաջակցեն գործադիրին, եթե անգամ աջակցեն, ֆորմալ առումով նրանք չեն կարող խմբակցություն ձևավորել ու միանալ իշխանությանը:


Միանշանակ չէ, որ կառավարության կազմում եղած «Ծառուկյան» կամ ՀՅԴ խմբակցություններն էլ մշտապես ամբողջական կազմով կաջակցեն Փաշինյանին. չի բացառվում կարևոր օրենքների ընդունման ժամանակ ականատես լինենք թեկուզ հարգելի բացակայությունների:


Արդյունքում ստացվել է այնպես, որ կայուն մեծամասնություն չունենալը կդժվարացնի իշխանության` որոշումներ կայացնելու հնարավորությունը: Այսօր գործող սահմանադրության պարագայում նման իրավիճակը վտանգավոր է պետության կառավարելիության տեսանկյունից. սա ռումբ է` դրված պետականության հիմքերում, որի պայթյունն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Ուստի ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու սահմանադրության փոփոխությունը` վերականգնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել