ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը բախվեց G7-ի երկրների զայրացած գործընկերների կտրուկ քննադատությանը, որ դժգոհ են պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքի բարձրացումից: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մի քանի օր ունի` խուսափելու դաշնակիցների հետ առևտրական պատերազմից: G7-ի ֆինանսների նախարարների եռօրյա հանդիպումը Կանադայում էր, հաջորդ շաբաթ Քվեբեկում կկայանա G7-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Դոնալդ Թրամփը: Հանդիպման արդյունքներով նույնիսկ համատեղ հայտարարություն չընդունվեց, որ տարաձայնությունների նշան է: Թեժ բանավեճերը, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն գագաթնաժողովում: 7 հարուստ երկրների ներդաշնակ ակումբում դա անհամաձայնության եզակի դեպք է, երբ 6 երկրներ հայտարարությամբ Մնուչինին խնդրեցին Թրամփին փոխանցել իրենց «միասնական մտահոգությունն ու հիասթափությունը» մաքսատուրքերի բարձրացումից: Մարտի սկզբին Թրամփը բարձրացեց ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերը, բայց ժամանակ տվեց բանակցությունների համար: Այս շաբաթ ԱՄՆ առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը հայտարարեց, որ հունիսի 1-ից նոր մաքսատուրքերը կգործեն ԵՄ-ի, Կանադայի ու Մեքսիկայի համար: ԵՄ-ն ու Կանադան արդեն վճռել են որոշումը բողոքարկել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:

Խոսքը ԵՄ-ից, Կանադայից, Մեքսիկայից ներկրվող պողպատի 25 և ալյումինի 10-տոկոսանոց մաքսատուրքի բարձրացման մասին է: «Մենք անհանգստացած ենք, որ այդ գործողություններն իրականում չեն նպաստում մեր տնտեսությանը օգնելուն: Նրանք կործանարար են ու 6 երկրներ իրենց տեսակետը փոխանցել են ֆինանսների նախարար Մնուչինին»` ասաց Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն հանդիպումն ամփոփող մամլո ասուլիսում: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը ավելի կոշտ արտահայտվեց: Նա ասաց, որ առևտրական պատերազմը կարող է սկսվել «մի քանի օրից»: Սթիվ Մնուճինը մերժեց գործընկերների մեղադրանքները և չհամաձայնեց նրանց հետ, որ ԱՄՆ-ն իր մաքսատուրքերով խախտում է միջազգային առևտրի կանոնները: Նա խոստացավ, որ Թրամփը ուշադրությամբ կվերաբերվի նրանց անհանգստությանը G7-ի գագաթնաժողովում:

Եվրոպական երկրները սպառնացել էին ոչ միայն բողոքարկել ԱՄՆ մաքսատուրքերը ԱՀԿ-ում, այլև ներմուծել պատասխան սահմանափակող մաքսատուրքեր, այդ թվում` ԱՄՆ-ում արտադրվող մոտոցիկլետների, վիսկիի, ջինսի ու նույնիսկ հապալասի նկատմամբ: ԱՄՆ-ի առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը Պեկինում հանդիպեց ՉԺՀ փոխվարչապետ Լյու Խեի հետ դիմակայության մեղմացման համապատկերում: Ավելի վաղ երկու երկրները պայմանավորվել էին առևտրական պատերազմ չսկսել` մեծացնելով ամերիկյան ապրանքների արտահանումը չինական շուկա: Նախագահ Թրամփը, քանի դեռ G7-ի երկրների ֆինանսների նախարարները զայրանում էին Կանադայում իր վարած տնտեսական քաղաքականությունից, հերթական թվիթներն էր գրում` ապացուցելով ԱՄՆ-ի ճշմարտացի լինելը Եվրոպայի հետ առևտրական հարաբերություններում: «Երբ առևտրի մեջ տարեկան կորցնում ես համարյա 800 միլիարդ դոլար, չես կարող քեզ թույլ տալ պարտվել առևտրական պատերազմում: Ուրիշ երկրները տարիներով հարստացել են ԱՄՆ-ի հաշվին, խելացի դառնալու ժամանակն է»` գրում էր Թրամփը Թվիթերում: «ԱՄՆ-ին պետք է, արդեն վաղուց պետք է արդար վերաբերվեն առևտրի ոլորտում: Եթե մենք զրոյական մաքսատուրքեր ենք սահմանում, որ նրանք կարողանան իրենց ապրանքները վաճառել, իսկ նրանք մեզնից 25 %, 50 %, նույնիսկ 100 % մաքսատուրք են վերցնում, որ մեր ապրանքները վաճառեն, անարդար է և դրան չի կարելի այլևս հանգիստ վերաբերվել» ` կարծում է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը հաշվի չի առնում քաղաքական գործոնը, տնտեսության զարգացման հնարավորություններ տալով այլ երկրների` ԱՄՆ-ը հնարավորություն է ստացել միջամտել նրանց ներքին կյանքին` քաղաքական, սոցիալական, ֆինանսական հարցերի լուծմանը: Հիմա ԱՄՆ նախագահը հրաժարվում է այդ ազդեցությունից ու ասում` ամեն երկիր պիտի ապրի ինքն իր հաշվին: Նրա այդ քաղաքականությունը ամենից շատ քննադատում են հենց ԱՄՆ-ում` նշելով, որ տասնամյակներով հաստատված կապերի խզումը նվազեցնելու է ԱՄՆ ազդեցությունը միջազգային ասպարեզում, բայց Թրամփին պետք է միայն տնտեսությունը, քաղաքական հարցերը նա որոշել է լուծել մեն-մենակ` առանց համակարգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել