Կյանքում մեծամասնությունը միշտ չէ, որ ճշմարիտ է լինում, և ավելի հաճախ այն լինում է իրավիճակային, պոպուլիստական, կիսաճշմարիտ, սակայն ոչ երբեք ճշմարիտ: Եվ կյանքն էլ առաջ է տանում ոչ թե մեծամասնությունը, այլ այն անհատները, ովքեր այդ մեծամասնության պայմաններում չեն կորցնում մտածելու ունակությունը՝ ինչն, իր հերթին, բերում է նոր խոսք, նոր միտք. եթե այս միտքը բերեմ մեր օրերը, ապա Նիկոլի հաջողությանը, երբ նա սկսեց «14+4»ը, իրապես հավատում էր երևի միայն ինքը: Բայց այսօր, եթե ողջ հեղափոխական Հայաստանը ասի, որ մածունը սև է՝ ինձ համար այն չի դադարի սպիտակ լինելուց: Սա մեկ: Երկրորդ. եթե հեղափոխական երկրում մեզ վերևից կամ ինքներս մեզ հրահանգենք մտածել ՝ ինչպես բոլորը, ապա կարծում եմ, որ շատ արագ կբռնենք լճացման ճանապարհը, իսկ դա մենք արդեն տեսել ենք 90-ականների սկզբին, ու մենք փորձել ենք դուրս գալ դրանից, սակայն անհաջողության ենք մատնվել տարիներ շարունակ: Դիտարկելով մեր օրերը՝ ես ցավալիորեն տեսնում եմ, որ մենք մեզ համարում ենք խելացի, սակայն չենք ուզում սովորել գոնե մեր սխալների վրա, այնինչ խելացին մնացածներից տարբերվում է նրանով, որ ինքը չի կրկնում մեկ անգամ արդեն կատարված սխալը. էլ չեմ խոսում իմաստունների մասին, ովքեր սովորում են այլոց սխալների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: