Ակամայից զարմանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են հիացմունքով խոսում որևէ քրեաօլիգարխի մասին, ով իր ամբողջ կյանքում բացի Հայաստանը թալանելուց այլ բան չի արել ու իր ապօրինի հավաքած գումարներով միայն ու միայն նպաստել է երկրում, այսպես ասած, գաղջ մթնոլորտ ձևավորելուն: Ես չեմ մտածում այն մարդկանց նման, ովքեր ասում են, որ ամոթ է աղքատ երկրում հարուստ ապրելը:
Երկիրն աղքատ չէ, այլ այն աղքատացրել են` շնորհիվ պետական ռեկետի: Հայաստանի ունեցած հարստությունները` հանքային հանածոներ, գյուղատնտեսության արտադրանք, տուրիզմ, որոնք հիմնական միջոց են հանդիսանում բյուջեն լցնելու և երկրի բնակչության կենսամակարդակը բարելավելու, ուղղվում են միայն մի քանի ընտանիքների ընտանեկան բյուջե: Այս ամենը կարելի է բնութագրել միայն մեկ բառով` պետական ռեկետ: Համոզված եմ, որ կարիք կա ստուգել ամեն մի օլիգարխի, ով մեկ միլիոն դոլարից ավել գումար ունի, եկամտի աղբյուրներն ու բացահայտել, թե երբ և ինչպես է նա հարստացել:
Բայց այստեղ ամենազավեշտալին ու զարմանալին հասարակության պահվածքն է, երբ տեսնում է, թե ինչպես է որևէ պաշտոնյա թալանում իրեն, ու ինքը անտարբեր ձևացնում է, թե դա իր գործը չէ: Մի՞թե ամեն մեկիս գործը չէ բացահայտել, թե արդյո՞ք միլիոններ դիզած անձը չի թալանել պետական բյուջեն, թե արդյո՞ք նա իր հարստացման ճանապարհին չի արել այնպիսի բիզնես շահխարդախում, որի արդյունքում տուժել է Հայաստանի հեղինակությունն աշխարհում:
Հայաստանի անկախացումից ի վեր բազմաթիվ միլիոնատերներ, եթե չասեմ միլիարդատերեր են ի հայտը եկել ու ցավոք սրտի, անպատիժ շարունակել Հայ ժողովրդի հարստահարումը: Այն անտարբերությունը, որ կա այսօր ի նպաստ այդ մթնոլորտի խորացման, մեզ երբեք թույլ չի տա տեսնել այս անպատժելիության մթնոլորտի վերացումը: Ուշացումով ընդունված օրենքները, որոնք իբր միտված են պաշտպանել քաղաքացուն պետական ռեկետից, այլևս այն արդյունքը չեն տա` նույնիսկ, եթե գործեն ամբողջ խստությամբ: Մեզ մնում է միայն մեկ բան` տարանջատել բիզնեսը պետական ռեկետից: Պետականացնել այն հարստացածների հարստությունները, ովքեր նույնիսկ չնչին չարաշահումով դարձել են օլիգարխ:
Հ.Գ. Երբ կարողանանք ստեղծել բարեկեցիկ Հայաստան, այն ժամանակ բոլորը կապրեն միանման, ու այլևս ոչ ոք չի զարմանա, որ աղքատ երկրում կան հարուստ միլիարդատերեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/531637116871341
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել