Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ոստիկանության բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց նրան: Նա նախ նշեց, որ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքների դարձնելով մուլտիմիլիոնատերներ: «Ես կուզենայի Ձեր գնահատականը` ի՞նչ է արվելու, քանի որ տարբեր թփերի տակ դրված այդ արագաչափերը թալանելու համար են, ինչը պրիմիտիվ ջեբկիրություն է»,- ասաց պատգամավորը և հստակեցրեց հարցը՝ ի՞նչ է լինելու, տուգանքնե՞րն են նվազելու, խաղի կանոննե՞րն են փոխվելու:

Օսիպյանը պատասխանեց, որ հասարակությանը շատ հուզող և հետաքրքող հարց է: «Այս մասին մենք ունենք առաջարկություններ, ներկայացնելու ենք կառավարությանը: Ուսումնասիրել ենք թե հարևան երկրների, թե մյուս երկրների պրակտիկան»,- ասաց նա:

Ոստիկանապետի խոսքով՝ տուգանքների չափերի նվազեցում է լինելու:

«Շարժական արագաչափերի վերանայման խնդիր է լինելու: Մեր հանրության մտահոգությունը տեսանկարահանող սարքերին ավելի շատ է վերաբերում, բայց դա չի նշանակում, որ չենք անդրադառնալու արագաչափերին»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել