Aysor.am-ը գրում է.

Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը, «Ազատություն» ռադիոկայանի«Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

-Հունիսի մեկից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Այն ութսուն տոկոսով, փաստորեն, գործելու է մինչև համաձայնագրի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից: Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև այս համաձայնագիրը:


-Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին: Սա միգուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը:

Դուք շատ լավ գիտեք, որ համաձայնագիրը բավական համապարփակ է և ընդգրկում է մեր առօրյա կյանքի բավական լայն շրջանակ, հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին:

-Պարո՛ն նախարար, հիմա մի քիչ խոսենք Հայաստանի ինքնիշխանության խնդրի մասին: 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, շատերը մտածեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի ճնշման տակ, որ Հայաստանը, կարծես թե, կորցրեց սուվերեն որոշում կայացնելու իր հնարավորությունների մի որոշ մասը, գոնե եվրոպական ժողովրդավարությունների հետ հարաբերվելու առումով, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու առումով: Կարողանո՞ւմ ենք հիմա վերականգնել այդ հնարավորությունները, թե՞ Դուք այլ կերպ եք մտածում:

-Չէի ուզենա կտրուկ այսպես սև-սպիտակի մեջ տանել այս ամենը և պնդել, որ մենք կորցրեցինք և վերականգնեցինք, որովհետև որպես ինքնիշխան սուվերեն պետություն Հայաստանը քսանյոթ տարվա ընթացքում, լինելով ՄԱԿ-ի անդամ, թեև միգուցե ՄԱԿ-ի անունը տալով իմ նախկին գործին եմ անդրադառնում, բայց որպես ինքնիշխան պետություն Հայաստանը իր ինքնուրույն քաղաքականությունը տարել է քսանյոթ տարվա ընթացքում, և այս ամենը նաև տեղի է ունենում իրականության մեջ։ Իսկ իրականությունը այն է, որ մենք հարյուր իննսուներեք անդամներից մեկն ենք այս աշխարհում, ունենք տարածաշրջան, ունենք անմիջական հարևանություն, ունենք անմիջական անվտանգության ձևավորված համակարգ, ունենք տարբեր հարցեր, խնդիրներ, նպատակներ և մարտահրավերներ, որի մեջ մենք կառուցում ենք և տեղավորում մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ ապահովված պահել մեր անվտանգության համակարգը և ապահովված պահել մեր զարգացման նպատակներին ուղղված բոլոր հնարավոր լծակները, որոնք օգտակար են, որոնք կարող են օգտագործվել միջազգային համագործակցության միջոցով:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել