Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, անխոս, ունեն հանրային մեծ վստահություն. լեգիտիմ են: Բյաց... այդ կարևոր ռեսուրսի երկարաժամկետ պահպանման և այնուհետ ընտրություններում դրա քաղաքական արտահայտման համար մի շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: Նոր իշխանության ներկայացրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ հանրության կողմից «կուսակցական իդենտիֆիկացիա», օբյեկտիվ պատճառներով, դեռևս չկա, ասել է թե՝ այդ կուսակցության շուրջը ձևավորված կայուն էլեկտորատի մասին դեռ վաղ է խոսել: Ինչն էլ նշանակում է, որ քաղաքացիների վստահությունն ու «էլեկտորալ վարքը» դրսևորվելու է խիստ սիտուացիոն սկզբունքով:
Այդ իսկ պատճառով, խնդիրներից ու ճգնաժամերից (առաջին հերթին՝ լեգիտիմության) խուսափելու համար նոր իշխանությունը պետք է ցուցաբերի համակարգային մոտեցում: Քանի որ ներկայիս համակարգում իրոք կա հանրային կողմնորոշում, (նույնն է թե՝ լեգիտիմություն), ուրեմն, այդ կողմնորոշման պահպանման և համակարգի կենսագործունեության համար անհրաժեշտ է անհապաղ բարեփոխել ենթահամակարգերն ու դրանք տեղափոխել դրական էֆեկտով աշխատելու հուն:
Չափազանց կարևոր է հաշվի առնել, որ առկա վստահությունը, որը ձեռք է բերվել շատ արագ, չինստիտուցիոնալացվելու դեպքում, կարող է արագ էլ նվազել: Հետևաբար, իշխանությունը, որքան էլ բարդ լինի, այս փուլի համար պետք է իրականացնի բարեփոխումներ, որոնք՝
ա) կտան արագ արդյունք,
բ) կշահեն ավելի շատ համախոհներ, քան հակառակորդներ,
գ) կպահանջեն հնարավորինս քիչ ռեսուրսներ:
Իմ կարծիքով, քայլերը, առաջին հերթին, պետք է ուղղված լինեն արդարադատության կամ (համակարգային մոտեցման տեսանկյունից) իրավական ենթահամակարգի որակական փոփոխությանն ու դրա ֆունկցիոնալ կարողությունների կատարելագործմանը: Շատ արագ պետք է տեսանելի լինի արդարադատության ոլորտի դրական տեղաշարժը:
Սոցիալ-տնտեսական և ազատությունների հետ կապված խնդիրներն ու սկզբունքները, գուցե, կարելի է առավել ուշ փուլերում էլ լուծել ու փոխել: Այն պատճառով, որ՝
-նախ, վերջինները, առանց իրավական ենթահամակարգի առողջացման, չեն կարող արդյունավետ լինել,
-երկրորդ, հայտնի է, որ մարդիկ երբեմն պատրաստ են զոհելու սեփական ազատությունները հանուն արդարության և հավասարության հաստատման: Անհատը պատրաստ է մի քիչ նեղություն կրելու, եթե այդպես են ապրում իրեն շրջապատղ մյուս անհատները, սակայն նա ձգտում է ազատվելու այդ ամենից այն ժամանակ, երբ այդ շրջապատողները դառնում են «ավելի հավասար»:
Հաջողություն եմ մաղթում մեր նոր իշխանությանը և հույս ունեմ, որ նրանց կհաջողվի նոր իրողությունների համար ճկուն, ադապտիվ ու հանրային երկարաժամկետ կողմնորոշմամբ համակարգ կառուցել: