Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով։ Մարտիրոս գյուղում` հայ–ադրբեջանական սահմանի մոտ, գտնվում է ևս մեկ միջնադարյան ժառանգություն` Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը Վայոց Ձորի բնակիչների հպարտությունն է։ Այն կառուցված է ժայռի մեջ և իր տեսակի մեջ երկրորդն է` Գեղարդի վանքից հետո։Վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Մարտիրոս վարդապետի կողմից 1286թ–ին։ Դժբախտաբար, հիմա այդ եկեղեցին չի գործում, սակայն տեղի բնակիչները գալիս են այստեղ աղոթելու։
Ինչպես պատմում են վայոցձորցիները, դա աստծո յուրահատուկ տաճար է, որովհետև կառուցված է ժայռի մեջ` Նզար (Նազար) լեռան ստորոտին։ Դա նրան յուրահատուկ աուրա է հաղորդում։
Եկեղեցու տարածքում կարելի է տեսնել XIII դարի խաչքարերի բեկորներ։ Մեզ հասած ձեռագիր արձանագրությունների համաձայն` վանքն ամբողջությամբ կառուցել է Մարտիրոս վարդապետը 1286թ–ին, իսկ ճարտարապետը Գրիգորիկն է։
Եկեղեցին տարբերվում է յուրահատուկ ճարտարապետությամբ` միջնապատերի բացակայությամբ, իսկ լույսը ներս է թափանցում միակ աղբյուրից` գմբեթից։
Ժամանակակից մասնագետները կարծում են, որ իր կատարման մակարդակով այդ եկեղեցին հայկական եկեղեցաշինության գոհարներից է։ Ցավոք, այդ եկեղեցու մասին տեղեկատվությունն այդքան շատ չէ, սակայն ոչինչ չի խանգարում գնալ Վայոց Ձոր` միջնադարյան վարպետների ստեղծագործությունը տեսնելու և նրանց մտքի թռիչքով ու երևակայությամբ զարմանալու համար։
Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200 մետրանոց հորանցքի մուտքը։ Պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում ծննդական-խաչքարի հարևանությամբ, փոքր բլրակի վրա, հին եկեղեցու տեղում 1866 թ. կառուցված մեծ եկեղեցին։ 19-րդ դարի վարպետները շինարարության մեջ օգտագործել են նաև հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Սբ. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-1990-ականներին այն վերակառուցվել է։