Մոնտմելո Կատալունյա մրցուղում անցկացվող Իսպանիայի գրան պրին ավանդապես բացում է Ֆորմուլա 1-ի Եվրոպական մրցաշրջանը: Հին մայրցամաքում անցկացվող տարվա առաջին էտապին թիմերը սովորաբար, հաշվի առնելով առաջին` ասիական մրցարշավների ժամանակ առաջացած խնդիրները, լուրջ նորույթներ են նախապատրաստում: Այս անգամ նորամուծությունների ամենամեծ տարափը սպասվում էր ՄաքԼառենից, քանի որ թիմը ձախողեց մրցաշրջանի մեկնարկը: Սակայն բրիտանական թիմի նախապատրաստած նորությունները ցանկալի արդյունք չտվեցին: Թիմի պիլոտները ուրբաթ եւ շաբաթօրյա ազատ երթերի ժամանակ 12-րդ տեղից վեր չբարձրացան եւ միայն որակավորման էտապում թիմի նորեկ Սերխիո Պերեսը գլխից բարձր թռավ՝ անցնելով Q3 եւ որակավորվելով 9-րդը: Նրա թիմակից` աշխարհի չեմպիոն Ջենսոն Բատտոնն ընդհանրապես 14-րդ էր: Հաշվի առնելով, որ ՄաքԼառենը, մասնագետներից շատերի համոզմամբ, բոլորից լավ է կարողանում կատարելագործել մեքենան մրցաշրջանի ընթացքում, կարող ենք եզրակացնել, որ մեքենայի հիմնական խնդիրները կապված են աերոդինամիկայի հետ, քանի որ Մոնտմելո Կատալունյան հանդիսանում է բոլիդների աերոդինամիկ թերությունները բացահայտող թիվ մեկ մրցուղին: Սակայն չմոռանանք ոչ պակաս ձախողված 2009 մրցաշրջանի մեկնարկը, որի ժամանակ թիմի Բարսելոնա բերած նորույթները կրկին ցանկալի արդյունք չտվեցին: Փոխարենը մրցաշրջանի 2-րդ հատվածում, մասնավորապես Նյուրբուրգրինգից սկսած, թիմի մեքենան գրեթե լավագույնն էր: Այնպես որ դեռ վաղ է ՄաքԼառենին հաշվից դուրս գրել (ըստ երեւույթի, եթե այսպես շարունակվի, մենք պետք է սպասենք MP4-28B-ին): Բացի այդ՝ թիմը հիմա շատ ավելի լուրջ խնդիրներ ունի: Առաջինը` որ ուրբաթ պաշտոնանապես հայտարարվեց, որ թիմը չի երկարաձգել պայմանագիրը իր ավելի քան 18 տարվա գործընկեր Մերսեդեսի հետ, եւ 2015 թվականից սկսած (ով գիտե, գուցե անգամ մյուս տարվանից) կունենա շարժիչների նոր մատակարար, որը հավանաբար կլինի առաջնություն վերադարձող Հոնդան, եւ որքան էլ այս ալյանսի նախադրյալը շատերիս շուրթերին ժպիտ է առաջացնում, երբ մենք հիշում ենք 80-ականների վերջի եւ 90-ականների սկզբի տրիումֆները, այդուհանդերձ դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինեն ճապոնական ավտոհսկայի շարժիչները վերադարձից հետո, որքան էլ որ Հոնդայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մյուս տարվանից ուժի մեջ մտնող նոր` V6 տուրբոշարժիչների կանոնակարգը համապատասխանում է ընկերության կորպորատիվ քաղաքականությանը: Իսկ թիմի 2-րդ խնդիրը ամենեւին էլ կապված չէ տեխնիկական եւ ֆինանսական խնդիրենրի հետ: Խոսքը արդեն 4-րդ համատեղ գրան պրիում թիմի պիլոների միջեւ ծագած կայծի մասին է: Երբ Բարսելոնայում Բատոնն ու Պերեսը կրկին իրար ետեւից հայտնվեցին, շատերին թվաց, որ այս պահին կսկսվի նրանց հակամարտության 2-րդ ռաունդը, առավելեւս որ ետեւից ընթացողը Պերեսն էր: Սակայն թիմը թիմային ռադիոյով շատ նուրբ ակնարկեց Չեկոյին, որ եթե վերջինս չի կարող առանց անվադողերը գերմաշելու պայքարել թիմակցի հետ, ապա դա չանի: Պերեսը հասկացավ հրահանգը եւ մինչեւ մրցարշավի ավարտը շարունակեց ուսումնասիրել Բատտոնի ետեւի հակաթեւը: Եվ պետք չէ դրա համար քար նետել ՄաքԼառենի վրա: Մշտապես բողոքողների շարքին չպատկանող Բատտոնը Սախիրում իզուր չասաց, որ Չեկոյին դիմադրելու ժամանակ նա ոչնչացրեց իր անվադողերը, ինչի արդյունքը դարձավ կոնստրուկտորների հաշվարկում միավորների կորուստը: Իսկ ահա անվադողերըըըըըը...
Այ սա իրոք այսօրվա գլխավոր խնդիրն է: Չնայած որ Պիրելլին Իսպանիա էր բերել 2 ամենակոշտ տիպի` Medium և զգալիորեն փոփոխված Hard թիպի անվադողերը, ուրբաթօրյա առաջին ազատ երթերից հետո պիլոտները շարունակեցին բողոքել գերարագ մաշվածությունից: Պիրելլիի ղեկավար Պոլ Հեմբրին անգամ հասկացրեց, որ իր համբերության բաժակը լցվում է, եւ նա հոգնել է անվերջ հետեւող քննադատության տարափից: Գիտեք ի՞նչ: 2 կողմին էլ կարելի հասկանալ: Հեմբրին ճիշտ է այն տեսակետից, որ պիլոտները իրենց անշնորհակալ են պահում, քանի որ հենց այդ արագ մաշվող դողերի շնորհիվ են այսօրվա մրցարշավներն այսքան դիտարժան, որոնք այդպիսին չէին Բրիջսթոունի ժամանակաշրջանում: Սակայն, ՈՐՊԵՍ ԿԱՐՏԻՆԳԻՍՏ (ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՍԻՐՈՂԱԿԱՆ) ԵՍ ԼԻՈՎԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ՊԻԼՈՏՆԵՐԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄՆ ԵՄ: Պիլոտը, նստելով կոկպիտ, միշտ էլ պատրաստվում է իր առավելագույնը ցույց տալ եւ նրա համար շատ տհաճ է, երբ նա ստիպված է լինում ամեն շրջանին հետեւել անվադողերի ջերմաստիճանին, թույլ չտալ գերմաշվածություն եւ ամենակարեւորը՝ ՊԱՀՊԵՆԵԼՈՎ ԱՆՎԱԴՈՂԵՐԸ՝ ՉԸՆԹԱՆԱԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՈՎ: Չէ՞ որ եթե անգամ Ջենսոն Բատտոնն է դժգոհում անվադողերից, պետք է հասկանալ, որ անգամ ամենափափուկ վարելաոճով պիլոտների համար է դժվարացել այսօրվա պիլոտաժը (իսկ անգլիացին միշտ էլ իսկական օրինակ է ծառայել անվադողերը պահպանել ցանկացողների համար): Էլ չեմ խոսում Միխաել Շումախեռի մասին, ով Ֆ1 վերադառնալուց հետո այդպես էլ չկարողացավ իրեն հիշեցնել, հենց այդ խնդրի պատճառով: Չէ՞ որ եթե հիշենք Միխաելի ամենագեղեցիկ հաղթանակներից մի քանիսը (Հունգարիա 98 կամ Ֆրանսիա 04), կհամոզվենք, որ նա միշտ էլ սիրել է սպրինտային ռեժիմներ, երբ փիթ-ստոփերի ընթացքում պետք էր մեքենան վարել որակավորման ռեժիմով: Անգամ շարքային երկրպագուն կարող է հասկանալ, որ այսօրվա Ֆորմուլա 1-ում ավադողերը գերխնդիրն են: Օրինակ` հաշվեք, թե քանի անգամ ենք մենք մրցարշավի ընթացքում թիմային ռադիոյով լսում այս բառեռը՝ look after the tires: Հենց այդ է պատճառը, որ այսօրվա Ֆորմուլա 1-ում հաջողության են հասնում անվադողերի հետ խնայողաբար վարողները` նույն Բատտոնը, նյարդերն անջատող Ռայկկոնենը եւ Պերեսը, Վիտալիս Պետրովն էլ էր այդպիսին:
Բացի այդ էլ այստեղ հարցը նաեւ մեքենաներում է, թե դրանց նախագծման ժամանակ որքանով է հաշվի առնվել նոր անվադողերի խնդիրը: Եվ այստեղ առաջին հերթին մեր մտքին գալիս է Մերսեդեսը: 3-րդ գրան պրին անընդմեջ, արծաթագույնների պիլոտները ուժեղագույնն են որակավորման մրցումներում, սակայն մրցարշավում նրանք միայն հաջողության եւ իհարկե սառը եղանակային պայմանների դեպքում կարող են գոնե պոդիումի հույս ունենալ: Տեսեք, թե քիչ առաջ ավարտված մրցարշավում որերորդը շախմատաձեւ դրոշակը տեսավ առաջին մեկնարկային գծից մեկնարկած Լյուիս Հեմիլթոնը(12-րդը!!!):
Նույնը, սակայն արդեն հակառակ տենդենցով, կարելի է ասել Լոտուսի մասին: Հենց մեկ փիտ-ստոպ պակաս անցկացնելու շնորհիվ Կիմին կարողացավ հաղթել մրցաշրջանի անդրանիկ` Ավստրալիայի գրան պրիում: Բարսելոնայում նա նույնպես կկարողանար պայքարել ուժեղագույնի կոչման համար, սակայն մեկ փիթ-ստոպ պակաս անցկացնելը այստեղ չտվեց իր ցանկալի արդյունքը: Պատճառները 2-ն են: Նախ, որովհետեւ նա 2-րդ ստոպից հետո 30-33-րդ շրջանների ընթացքում մոտ 6 վայրկյան կորցրեց Սեբաստյան Ֆետտելի ետեւում եւ երկրորդը...
Երկրոդն այն է, որ հարազատ հողում Ֆեռնանդո Ալոնսոն ուղղակի անհասանելի էր բոլորի համար: Նա 2-րդ անգամ հաղթեց Բարսելանայում, 3-րդ անգամ Իսպանիայում, եւ եթե մինչեւ մրցաշրջանի ավարտը թիմը Սեպանգում եւ Սախիրում թույլ տված սխալները թույլ չտա, ապա Նանդոն կարող է վերջապես նվաճել այն, ինչը նա վերջին 3 տարիներին 2 անգամ առաջնության վերջին գրան պրիում բաց թողեց իր ձեռքից: Սա նրա 32-րդ հաղթանակն է, ինչը նշանակում է, որ այժմ նա ըստ հաղթանակների քանակի զիջում է միայն Շումախեռին, Պրոստին եւ... Այրտոն Սեննային: Ի դեպ, Սեննայի ժամանակներից ի վեր, վաղուց չէր եղել, որ պիլոտը հաղթանակից հետո պատվո շրջանի ժամանակ ծածանի իր երկրի ազգային դրոշը, վերջին անգամ, որքան հիշում եմ, նման բան արել են 2 ֆրանսիացիներ՝ Ալեզին 95-ին Կանադայում եւ Պանիսը 96-ին Մոնակոյում:
Ի դեպ, մյուս մրցարշավը հենց առաջնության ամենահեղինակավոր Մոնակոյի Գրան Պրին է: Մնաց 2 շաբաթ: