Արփինեն բուժված է Ձեր շնորհիվ….
Երևի շատերը կհիշեն 18-ամյա Արփինեին, ում մոտ երկու տարի առաջ ծանր հիվանդություն էր հայտնաբերվել: Հիվանդության հայտնաբերվելուն պես Արփինեի և նրա ընտանիքի համար ծանր ու պատասխանատու շրջան սկսվեց, որը ենթադրում էր փշոտ ու քարքարոտ ճանապարհ, որն ամեն գնով պետք էր հաղթահարել: Ի ուրախություն շատերիս, այդ բարդ շրջանի առաջին իսկ օրերից շատերը սատար կանգնեցին Արփինեին ու իրընտանիքին: Ընկերներ, ծանոթներ, հարազատներ, միանգամայն անծանոթ մարդիկ, պաշտոնյաներ, հասարակական ակտիվիստներ, արվեստագետներ…..այս շարքը կարելի է միավորել մեկ բառով՝ թիմ, որտեղ մեկ նպատակի համար գործում էին շատ մարդիկ, յուրաքանչյուրն ինչ-որ գործառույթ իրականացնելով՝ հանուն դրական արդյունքի: 
Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ գուցե հենց Ձե՛ր մեկ գործողության շնորհիվ այս աշխարհում որևէ բան կարող է փոխվել: Սա այն դեպքերից է, երբ գրեթե երկու տարվա ընթացքում հենց այն բանի շնորհիվ, որ բազմաթիվ մարդիկ ներգրավվեցին այս պրոցեսի մեջ, փոխվեց մի շատ կարևոր բան. փրկվեց մի աղջկա կյանք: Գրվեցին մի շարք հոդվածներ Արփինեի մասին, տարածվեցին բազմաթիվ լրատվական կայքերով, և շատերը, լինելով բացարձակ անծանոթ, գալիս և այցելում էին Արփինեին, ծանոթանում նրա հետ և տեղեկանում նրա առողջական վիճակի մասին, նվիրատվություններ կատարում, նրա կողքին լինում: Կյանքի ու մահվան պայքար, վիրահատություն, թերապիաներ, թանկարժեք դեղորայքներ, միջոցների և հնարավորությունների հայթայթում՝ հանուն նպատակի:
Այսօր Արփինեն և նրա ընտանիքը վստահաբար կարող են ասել, որ Ձեր աջակցությամբ նրանք անցան այդ բարդ ճանապարհը, որի համար ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ բոլոր աջակցողներին: Արփինեն, ինչպես միշտ, նույն վառ ու լավատես աղջիկն է, բարի ու ժպտերես, ով վերջնականապես փակեց իր կյանքի այդքան դժվարին ու մաքառումով լի էջը: Ընտանիքի հաղթահարած դժվարությունները մի կողմից, Արփինեի անձնական քաջությունը մյուս կողմից, արժանի են գովասանքի: Իսկապես պետք է քաջ ու շատ ուժեղ լինել, որպեսզի 18 տարեկան հասակում անցնել բուժման այդ բարդ ճանապարհը և շուտով արդեն 20 տարիների բարձրունքից՝ նայել անցածին և միայն ժպտալ և ուրախանալ այս կյանքով:
Այժմ Արփինեն բուժված է: Նա ժամանակ առ ժամանակ հետազոտություններ է անցնում, որոնց արդյունքները դրական են: Բոլորովին վերջերս էլ Վրաստանում անցել է PET SCAN հետազոտությունը, որը ոչ մի վտանգ չի հայտնաբերել նրա մոտ:
Ամփոփելով այս ողջ շնորհակալական ու խաղաղ տրամադրությունը, մնում է ասել, որ սա թող վառ օրինակ լինի բոլոր այն ընտանիքների համար, ովքեր կյանքի բերումով, հանկարծակի հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Հիշե՛ք, որ պետք է միավորել ջանքերը և ամեն գնով ձգտել նպատակին, հավաքելով բոլոր ուժերը պայքարել մինչև վերջ՝ հասնելու համար այն բաղձալի ու լուսավոր կետին, որը կոչվում է հաղթանակ: 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել