ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով «Նորֆոլկ»-ի շուրջ ստեղծված սկանդալին, տեսակետ է հայտնել, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման շրջանում ստեղծված «Նորֆոլկ» ընկերությունն իր գործունեությամբ նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել, որի արդյունքում փորձ է արվել մինչ այդ կիլոգրամներով մաքսազերծում անցնող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր։
Նոր ՊԵԿ նախագահը նաև նկատել է, որ նախկինում գործող 8-9 ընկերություններն իրականացրել են միաժամանակ և՛ բեռնափոխադրումներ, և՛ մաքսազերծում, իսկ «Նորֆոլկ»-ի ստեղծմամբ, փաստացի, Վարդան Հարությունյանը խնդիր է դրել փորձել բեռնափոխադրումների գործընթացը տարանջատել մաքսազերծումից։
Դավիթ Անանյանը մասնավորապես ընդգծել է․ «Այն գործառույթը, որն իրականացնում է «Նորֆոլկ»-ը, նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրում է ունեցել»։
Փաստացի, ՊԵԿ նոր նախագահը գնահատական է հնչեցնում, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կողմից «Նորֆոլկ»-ի ստեղծումն ունեցել է պետական բյուջեի մուտքերն ավելացնելու, համակարգում առկա կոռուպցիոն սխեմաները քանդելու նպատակ, իսկ այդ նպատակի տակ աշխատող թիմը որքանով է ազնիվ եղել՝ արդեն կպարզի դատարանը, բայց մի բան փաստ է, որ Վարդան Հարությունյանի կողմից նպատակ է դրվել ոչ թե կոռուպցիոն մեխանիզմներով փող աշխատելու, այլ կոռուպցիոն մեխանիզմները քանդելու ճանապարհով նպաստել պետական բյուջեի մուտքերի ավելացմանը։
Ի դեպ՝ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ը հավաքագրել է ռեկորդային քանակի գումարներ՝ շեշտակիորեն ավելացնելով պետական բյուջեի մուտքերը։