Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ընդունելի չի համարում ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումը: Երևանում հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մայիսի 28-ի հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց ֆրանսիացի պաշտոնյան: «Ինչպես գիտեք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է, մենք մեր տեղն ենք զբաղեցնում այս հարցում, վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը: Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումը ընդունելի չեն, պետք է հարցին մոտենալ պրագմատիկ ձևով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Ժան-Իվ Լը Դրիանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միասին գործադրվող ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»,-ընդգծեց ՀՀ ԱԳՆ-ն:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելել է Հայաստան: Ֆրանսիայի արտգործնախարարն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի բացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել