1918 թվականին Օսմանյան Թուրքիայի կանոնավոր բանակի դեմ մղված հաղթական մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության աստեղնային պահերն են համարվում: Սարդարապատի ճակատամարտի հրամանատարական կազմի հերոսներից էր նաև գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը: Ճակատամարտի մեկ այլ մասնակից Ալեքսանդր Շնեուրն իր հուշերում Դանիել Բեկ-Փիրումյանի հետ կապված այսպիսի ուշագրավ դրվագ է ներկայացրել: 

Սարդարապատի գլխավոր ճակատում մայիսի 27-ի առավոտյան ժամը 9-ին հայկական հրետանին շուրջ կես ժամ հուժկու համազարկեր հասցրեց հակառակորդի դիրքերին, հատկապես 440 և 449 բարձունքներում, ճնշելով նրա հրետանու և գնդացրային ջոկատների կրակը։ Կենտրոնական ուղղության հայկական ուժերն այնուհետև անցան դիրքային հարձակման՝ վճռական գրոհի համար սպասելով աջից զորաշարժ կատարող ուժերի թիկունքից հարձակմանը։ Դանիել Բեկ-Փիրումյանը, այդ կարևոր պահին զորքին ոգևորելու նպատակով, իր զինվորական համազգեստի կարմիր աստառը շրջում է դեպի դուրս, այդպես շրջված էլ հագնում է համազգեստը և նետվում առաջին գիծ՝ անձամբ ղեկավարելով վճռորոշ մարտը։ Այդ ընթացքում Խզնաուզի հայկական ջոկատը, թուրքական ձախ թևը կեսօրին շրջանցելուց հետո, կտրուկ թեքվում է դեպի հարավ՝ դուրս գալով 440 և 449 բարձունքների թիկունքը։ 

Մարտավարական այս փայլուն զորաշարժից հետո հարձակման են անցնում արդեն Սարդարապատի ջոկատի կենտրոնական ուղղության հիմնական ուժերը և Երզնկայի գնդի աջակցությամբ ժամը 14-ին մոտ վերջապես կարողանում են գրավել այդ և հարակից այլ բարձունքները։ «...Շղթաները (հայ զինվորների) ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին... Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»,- գրում է Ալեքսանդր Շնեուրը:

Դանիել Բեկ-Փիրումյանը մեծ ներդրում ունեցավ նաև նորանկախ Հայաստանի բանակաշինության գործում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Հայաստանի զինված ուժերում: 1918-ին 58-ամյա զորավարին շնորհվում է գեներալ-մայորի կոչում՝ Հայաստանում նա առաջիններից ստացավ այդ կոչումը: 1919-ի վերջին Բեկ-Փիրումյանը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակվում Կարսի զինվորական պարետ: Ավտովթարի պատճառով նա կոտրում է ոտքը և 1920-ի հոկտեմբերին թուրքերի կողմից Կարսի գրավման ժամանակ գերի ընկնում: 1921-ի հունվարին թուրքերը նրան տեղափոխում են Ալեքսանդրապոլ, ապա հանձնում ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին: Ցավոք, մի քանի օր անց Սարդարապատի հերոսամարտի պանծալի հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը, հայ բարձրաստիճան սպաների մի խմբի հետ միասին, բոլշևիկների կողմից դավադրաբար գնդակահարվում է Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին: Հերոս գեներալի դին հնարավոր է լինում գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանե եկեղեցու գերեզմանատանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել