Ի՛նչ խոսք, հարգանքի արժանի է, երբ ծնողը զավակին բանակ է ուղարկում և հորդորում, որ մյուսներն էլ գնան:
Սա նաև պետության, ժողովրդի և պատմության առաջ պատասխանատվության հարգանքի արժանի քայլ է:
Հասկանալի է, որ Նիկոլի ուսերին գերպատասխատատվություն է ծառացած, հայրենիքի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, և այդ առումով կոչի իմաստն էլ, հետապանդած նպատակն էլ ընկալելի են՝ փոխելով մինչ օրս գոյություն ունեցող հասարակական պատկերացումներն ու ընկալումները պաշտոնյանի զավակի բանակ գնալու մասին:
Այդուհանդերձ, կցանկանայի, որ Նիկոլն այլ համատեքստով դիտարկեր հարցի լուծումը.
Վստահ եմ՝ ինչպես ինքս, այնպես էլ իմ նման շատերը կցանկանային, որ Նիկոլը լիներ ոչ թե պատերազմի ժամանակ զորքերի գերագույն հրամանատարը և նրանց առաջնորդեր պատերազմ, այլ դառնար խաղաղության Հայաստանի առաջնորդը, դառնար խաղաղության ճարտարապետը և առաջնորդեր Հայաստանին դեպի խաղաղություն:
Իհարկե՛, շատ լավ հասկանում եմ, որ դա միայն նրանից կախված չէ, բայց նա կարո՛ղ է խաղաղության աչքերով տեսնել հակամարտության լուծումն ու բեկել մեր պատմության ընթացքը, կարո՛ղ է նոր Հայաստանի ձայնը բարձրացնել ու լսելի դարձնել միջազգային հանրությանը, կարո՛ղ է հարցի լուծման նախաձեռնությունը վերցնել ու վճռական հայտ ներկայացնել հարցը լուծելու համար:
Իհարկե՛, բոլորը պետք է անխտիր գնան բանակ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Բայց այսօր միայն զինվորով ու նրա թվաքանակով հակառակորդին հնարավոր չէ հաղթել: Եթե այդպես լիներ, չինացիները վաղուց գրաված կլինեին աշխարհը:
Մեր խնդիրը հակառակորդին խաղաղություն պարտադրելն է, իսկ դա այսօրվա իրականության պայմաններում միայն զինվորով անհնար է կատարել:
Աշխատանքի բերումով տեսել եմ տասնյակ ծնողների, որոնց զավակները զոհվել են բանակում և չեմ կարողացել մինչև վերջ նայել նրանց աչքերին:
Խիզախություն է պետք տեսնել որդուն կորցրած մորն ու արտաբերել, թե հանուն հայրենիքի էր…
Հերի՛ք է հանուն հայրենիքի մեռնել, հիմա և միշտ հանուն հայրենիքի ապրե՛լ է պետք…
Պետք է գտնել հակառակորդին խաղաղություն պարտադրելու ձևը:
Գոնե իմ պատկերացմամբ, դա արժանապատիվ պետության կառուցումն է՝ հինված արդարության սկզբունքի վրա՝ ապահովելով սահմանադրության 1-ին հոդվածի դրույթների լիարժեք կենսագործումը:
Չեմ կասկածում, եթե Նիկոլը լուծի խաղաղության հարցը, կարժանանա ավելի մեծ փառքի, քան սեփական զավակին պատերազմ ուղարկելիս...
Լուծի՛ր խաղաղության հարցը, Նիկո՛լ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=817594418442531&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել