Դեռ մայիսի 7-ին lragir.am-ի լրագրողները արել են այս լուսանկարը, որտեղ պարզ երևում է, որ Փակ շուկայի տանիքին ինչ-որ ուռոդություն են կառուցում, ընդ որում, ինչպես տենում ենք, այնպես չի, որ ավելի վաղ կառուցել էին ու դադարել՝ բանվորներ են աշխատում:
Նույն աղբյուրը նշում է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի, իրեն նման բան չեն զեկուցել, իսկ ավելի վաղ ազգընտիր քաղաքապետ, քաղաքապետներից վսեմագույնն ու ամենասիրելին, Երևանի վերջին հույսն ու ապավենը տեսախցիկի առաջ ի լուր աշխարհի հայտնեց, որ ինքը արգելել է Փակ շուկայում վերգետնյա շինարարական աշխատանքներ իրականացնել, մինչև չլինի հաստատված նախագիծ ու ճարտարապետների եզրահանգումը:
Հարգելի մշակույթի նախարար, հարգելի քաղաքապետ, ձեր երկուսիդ կարգադրությունների ու արգելելու գինն ի՞նչ արժե, եթե օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում ցանկացած անցորդ կարող է տեսնել, որ ոչ մի բան էլ չի փոխվել:
Հարգելի տիկին Պողոսյան, եթե Ձեզ զեկուցում են, որ ոչ մի բան չկա, բայց լրագրողը զանգում է ու հաղորդում է, որ կա, ապա չեմ կարծում, որ Ձեր մշակութային ու նախարարական ռանգը կընկնի, եթե ինքներդ մի կես ժամ հատկացնեք ու գնաք դեպքի վայր՝ համոզվելու իրողության մեջ:
Հարգելի պարոն Մարգարյան, ինչպես ինքներդ նշեցիք, Դուք արգելել եք վերգետնյա շինարարակական աշխատանքներ, սա արդեն երևի 4-րդ արձանագրված դեպքն է, երբ Փակ շուկայի սեփականատերը անտեսում է Ձեր կարգադրությունները, դեռ մի բան էլ երկու անգամ 200.000 դրամ աստղաբաշխական չափի տուգանք է մուծել, չե՞ք կարծում, որ ժամանակն է դեկլարատիվ հայտարարություններ անելու փոխարեն գործով զբաղվել, առավել ևս, որ եթե այս հարցը կարողանաք լուծել, մեկ էլ տեսնես վարկանիշի թռիչքային աճ կգրանցվի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել