Որոշել էի այլևս չանդրադառնալ կադրային խնդրին, քանի որ ես գիտակցում եմ, որ հեղափոխությունից հետո կատարվող նշանակումները հիմնվում են ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ կատարվում են հեղափոխությանը նրանց մասնակցության և նրանց նկատմամբ լիդերի/լիդերների վստահության չափաբաժնի հիման վրա: Դա օբյեկտիվ իրողություն է, և որևէ հեղափոխություն երբևէ չի խուսափել դրանից: Ինչևէ: Բայց քանի որ Անվտագության խորհրդի քարտուղարի շփումների հիմնական շրջանակը լինելու է ՀԱՊԿ-ում (կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե մեր երկրի համար դեռևս ինչ նշանակություն ունի ՀԱՊԿ-ը), ապա այդտեղ խնդիրներ չառաջացնելու նպատակով անհրաժեշտ էր, որպեսզի այդ պաշտոնին նշանակվեր իր կողմնորոշումներում չեզոք, ռուսերենին գերազանց տիրապետող և Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը իմացող մեկ ուրիշը: Իսկ իմ երիտասարդ ընկեր Արմեն Գրիգորյանը որքան էլ լինի հիանալի անձնավորություն, գրագետ ու խելացի, նրա կողմնորոշումը արևմտամետ է, ինչն արագ զգացնել է տալու իրեն, և ռուսերենին էլ տիրապետում է ոչ այնքան լավ, որքան անգլերենին: Որպեսզի այս ստատուսը չընկալվի որպես նախանձի դրսևորում, կառաջարկեի պետական կառավարման հիերարխիայում 7-րդ-9-րդ տեղերը (ըստ աշխատավարձային սանդղակի) զբաղեցնող իմ երիտասարդ ընկերոջը նշանակել ավելի բարձր պաշտոնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: