operativ.am-ը գրում է

Հայաստանի տարածքում 2018 թվականին արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը` 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում: Թունավորման պատճառը անհատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով:

Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական համապատասխան մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
ուտելի և թունավոր սունկը տարբերելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ, և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
չառաջնորդվել ժողովրդական մոտեցմամբ, ըստ որի` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է արգանակը,
չուտել հում սունկ,
երեխաներին սունկ չկերակրել,
աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող անձանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
չզբաղվել ինքնաբուժմամբ:
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատքրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում:

Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել