Մանրամասներ Հյուսիսային պողոտայի միջադեպից. անցորդները՝ ոստիկանների մահակներն առած, ինքներն էին փորձում շնիկին փրկեին Ինչպես հայտնել էինք, Հյուսիսային պողոտայում մայիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած արյունոտ միջադեպի հետևանքով, որի ժամանակ առանց դնչկալի պիտբուլը հոշոտել է ավելի փոքր տնական շնիկին, շան կյանքը փրկել չի հաջողվել, նրան հոշոտած պիտբուլն ու տերը փախել են դեպքի վայրից։  

Շանը փրկել փորձող երիտասարդներից մեկը մի քանի մանրամասն պատմեց eMedia.am–ին։ Ըստ նրա խոսքերի՝ ոստիկանները շան հարձակման պահին պարզապես շվարեցին ու չկարողացան ինչ–որ բան ձեռնարկել։ Անցորդները ստիպված էին առնել նրանց ձեռքից ոստիկանական մահակներն ու ծեծել պիտբուլին, որպեսզի նա բաց թողնի շանը, սակայն՝ ապարդյուն։ Պիտբուլի երախից շանը փորձում էին փրկել միայն անցորդներն ու շան տերը։ Մահակներով ծեծելուց բացի, ինչ–որ մեկը նաև դանակով հարվածներ է հասցրել շանը։ Վերջապես ինչ–որ մեկը սառը ջուր լցրեց պիտբուլի երախին, ինչից հետո նա բաց թողեց զոհին։ Շան տերը, վերցնելով նրան, հեռացել է տարածքից։ Այդ ընթացքում նա, շանը գրկած, անցել է ոստիկանների կողքով, որոնք նրան չեն էլ կանգնեցրել։  

Այնուհետև հոշոտած շնիկի տերն ու անցորդները փորձել են շնիկին տեղափոխել կլինիկա, սակայն մի քանի տաքսիստ հրաժարվել է արնաքամ կենդանուն մեքենա վերցնել։ Վերջապես, նրանից հետո, երբ ժողովուրդը վրա տվեց տաքսիստների վրա, նրանցից մեկը համաձայնվեց տանել, սակայն արդեն ուշ էր։

Նշենք նաև, որ Հյուսիսային պողոտայի՝ «Լա Պիացցայից» մինչև համարյա Պուշկինի խաչմերուկ հատվածը պարզապես ողողված էր շան արյունով։ Մի քանի կնոջ ինքնազգացողություն տեղում վատացել է տեսածից։ Անցորդները՝ սեփական ուժերով, տարել են նրանց ավելի ապահով տեղ։  

Դեպքի մասին ոստիկանությունն իրազեկվել է, գործով զբաղվում է ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Ականատեսներից առնվազն մեկը հրավիրված է ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել