«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության նախաբացթողումային ծառայության զննման ծառայության «աշխատանքներում»: Արդյունքում, «Փաստ»-ին հասած տվյալների համաձայն, «փակվել» է ավիաընկերություններից դեպի «անհայտ ուղղությամբ» գումարներ «գանձելու» մի մեծ խողովակ:

Խնդիրն այն է, որ Հայաստանից բոլոր մեկնողները նույնականացման շղթան նաեւ այլ «ֆունկցիա» է իրականացրել:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Փաստ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ արդեն մոտ 20 օր է՝ ուղեւորների նույնականացումը մատնահետք վերցնելու միջոցով այլեւս չի իրականացվում:

«Մոտ 15-20 օր է՝ ուղեւորի նույնականացումը մատնահետք ֆիքսող սարքով իրականացնելու գործընթացը դադարեցվել է: Ներկայում ուղեւորների նույնականացումն իրականացվում է այլ տեխնոլոգիայով: Առաջիկայում կներդրվի անվտանգության նոր, ավելի արդիական համակարգ, քանի որ պետք չէ մոռանալ, որ խոսքը անվտանգությանն է վերաբերում: Համակարգը ներդնելուց հետո հայտարարություն կտարածենք, կցուցադրենք, որպեսզի մարդիկ նույնպես տեղեկանան այդ ամենի մասին»,- ասաց Գ. Աբրահամյանը:

Ի դեպ, «Փաստ»-ին հասած տեղեկությունների համաձայն, այդ «օղակում» հաշվել են նաեւ, թե որ ավիաընկերությունը օրական քանի մարդ է տեղափոխել եւ յուրաքանչյուր ուղեւորի համար տվյալ ավիաընկերությունից 5 եվրոյի չափով գումար են «ստացել»:

Ըստ պտտվող լուրերի, այդ «շրջանառությունը» որեւէ տողով փաստաթղթային ձեւակերպում չի ստացել: Այսինքն, դա ըստ էության չի ներառվել ավիաընկերությունների կողմից իրականացվող «ծախսերի» ցանկում:

Թե ինչ «5 եվրոների» մասին է խոսքը եւ հավաքված այդ գումարից ում ինչքան գումար է հասել, դժվար է ասել: Այդ մասին հասարակությանը հավանաբար տեղեկություններ կտրամադրեն երկրի իրավապահ մարմինները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել