1996թ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Թեեւ արդեն բոլորել է հայկական ժողովրդավարության առասպելի հիմքերը վերջնականապես սասանած նախագահական ընտրությունների մեկ տարին, բայց հազիվ թե հայ հասարակության հայրենի եւ Սփյուռքի հատվածները մոռացության մատնած լինեն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած երեք կարգախոսներից մեկի՝ «Հաղթանակի» շուրջ ծագած աղմուկը:

Հանրապետության կառավարամետ մամուլի էջերն ու հեռուստաէկրանները (ներառյալ նաեւ գոնե պաշտոնապես անկախ հեռուստաընկերությունները) ծփում էին ղարաբաղյան հերոսամարտը ներկայացնող պատկերներով, որոնք կոչված էին հպարտություն ներշնչել շարքային ընտրողին «վերջին հազարամյակում հաղթականորեն ավարտած միակ պատերազմի» գլխավոր կազմակերպիչի՝ Հայաստանի նախագահի նկատմամբ եւ վստահություն, որ միայն ու միայն նրա առաջնորդությամբ հնարավոր կլինի պահպանել ձեռքբերվածը: Ու թեեւ սույն, առաջին հայացքից հայրենասիրական դաստիարակության նպատակներ հետապնդող քարոզչական արշավը մթագնվում էր հերոսամարտին մասնակցություն ցուցաբերած այն քաղաքական ուժերի եւ առանձին անհատների վարկաբեկմամբ ու նվաստացմամբ, որոնք իրենց ձայնը չէին բարձրացրել «միակ ազգային թեկնածուի»՝ Տեր-Պետրոսյանի օգտին, այնուամենայնիվ, շատերն էին հուզված: «Հաղթանակի» ճիչն այնքան բարձր էր, որ անունկնդրելի եւ անընկալելի էր դարձնում փոքրամասնության մտահոգությունը, թե անչափ վաղ է տարվել քաղցր-մեղցր հիշողություններով, առավել եւս, որ 92-94թթ. ռազմական հաղթանակների ակունքներում կանգնած մարդկանց մի հատվածը բանտախցերում է եւ քննչական մեկուսարաններում, ՀՅԴ-ն՝ կասեցված, իսկ այդ շրջանում իր որոշակի ծառայությունները մատուցած նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն ընտրողին էր ներկայացվում մերթ մանկական հեքիաթների էջերից դուրս պրծած հրեշի, մերթ էլ անընդունակ ու անկարող «ծեր դերվիշի» պատկերով: Ամենաանկողմնակալ դատավորը՝ Ժամանակը, եկավ ապացուցելու, թե որչան արդարացված էին այդ մտահոգությունները, եւ որքան անհեռատես էին նրանք, ովքեր թմբկահարվող «հաղթանակի» փողերի ներքո փորձում էին չնկատելու տալ Հաղթանակի համար մարտնչածների ճակատագիրը:

Թե Հայաստանի եւ թե Սփյուռքի բավական լայն հասարակական շրջանակների փորձը՝ մատների արանքով նայել այս կարծես թե ոչ այնքան էական, իսկ իրականում անչափ սկզբունքային բարոյական հարցին, հրահրեց սեպտեմբերի 25-ի իրադարձությունները եւ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ այսչափ տհաճ բանավեճին, ուր «պատերազմ, թե խաղաղություն»-ը ոչ այնքան հարցադրում է, որքան գործողությունների հրամայական՝ քաղաքական ծայրահեղության բեւեռներում համազգային մոխրացման դաժան դատավճռով: Եթե ձերբազատենք խնդիրը զգացմունքային ավելորդություններից եւ ամբոխվարական առասպելաբանությունից, ապա բոլորիս առջեւ հառնում է այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի իր անկյունաքարով, այլեւս պատանդն է ոչ ժողովրդավարական ներքին քաղաքականության:

Ժամանակակից աշխարհի առաջատարների շարքին չդասվող ցանկացած երկրի իշխող վարչակարգ միջազգային ատյաններին կարող է ներկայանալ երկու վճռորոշ դիրքերից՝ ժողովրդավարության հիմքի վրա ներքաղաքական շինարարությամբ եւ շրջապատի հետ ներդաշնակ արտաքին քաղաքականությամբ: Եւ եթե երկրորդի պարագայում հիմնարար հակասություններ կան անմիջական հարեւանների, շահագրգիռ մեծ տերությունների կամ պարզապես միջազգային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հետ, ապա կենսական անհրաժեշտություն է, որպեսզի առաջինում տվյալ վարչակարգի դիմանկարն անթերի լինի: Այլապես նա ստիպված է լինելու ողջ միջազգային հանրությանը դիմակայել միանգամից երկու ճակատով, ինչն անչափ դժվար է անգամ մեծ տերությունների համար եւ բացարձակ անիրատեսական ժողովուրդների ընտանիքի շարքային անդամի հնարավորությունների տեսանկյունից: Սա իսկապես այն դեպքն է, երբ ժողովրդական հին իմաստությունը՝ «երկու երանի մեկ տեղ չի լինում», միս ու արյուն է ստանում ՝ բացառելով անհամատեղելին համատեղելու պարզամիտ երազի իրականացումը:

Ուզում եք արցախյան խնդրի կարգավորման ընթացքից նայել լիսաբոնյան հավաքի, իսկ ուզում եք կոպենհագենյան կրկնողության մասնակիցների աչքերով, միեւնույն է առկա իրողություններին առարկայականորեն մոտենալով ստիպված եք լինելու արձանագրել, որ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի կարող հանդուրժել Հայաստանի Հանրապետության իշխող վարչակարգի օրինազանցության ներկա աստիճանը: Եւ ոչ մի կարիք չկա սպասվող փորձությունների հիմքում հայատյացության, նավթային գործարքի կամ այլ խարդավանքների հետքերը փնտրել: Եթե հայրենի իշխանությունները վստահ էին, որ մինչեւ վերջ պաշտպանելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հայանպաստ տարբերակը, ապա պետք է իրենց պարտավորված զգային բնականոն քաղաքացիական հասարակության կառուցման, բազմագույն քաղաքական ներկապնակի պահպանման, ֆինանսա-վարկային, ընդհանրապես տնտեսական քաղաքականության մեջ լայնածավալ օրինախախտումների բացառման եւ վերջապես ազգաբնակչության սոցիալական նվազագույնի պաշտպանության գործում: Իսկ այժմ, երբ ընդամենը յոթնամյա պատմություն ունեցող անկախ պետականությունը խեղդամահ է լինում հոգեւոր եւ բարոյական անկման մի այնպիսի ճահճում, որի հետ համեմատության մեջ կմտնեին թերեւս միայն «այլասերվածության բազմադարյան օջախ Բաբելոնն» ու «հազարամյա Հռոմը», իշխանության պահպանման միակ հնարավորությունն է մնացել կույր հնազանդությունը միջազգային հանրությունն առաջնորդող մեծ տերությունների կամայական վճիռներին՝ արտաքին քաղաքականության ոլորտում եւ անշուշտ Լեռնային Ղարաբաղի «խաղաղ կարգավորման» ծրագրերում:

Գործող նախագահի ու նրա իշխանակենտրոն հասարակական միջավայրի դիրքորոշումն ազգային պահանջատիրության հիմնահարցում միանշանակ վկայությունն է այն փաստի, որ նշված շրջանակներն ու անհատները կատարել են իրենց ընտրությունը. ամենակուլ ամբողջատիրության պահպանում երկրի ներսում ի հաշիվ ամենածայրահեղ զիջումների արտաքին հարաբերություններում: Քաղաքական, ֆինանսատնտեսական եւ այլ շահերն այլեւս վեր են դասված համազգային նկրտումներից եւ ներքաղաքական կյանքում ժողովրդավարության տարրական նորմերի հետեւողական ոտնահարմանը զուգահեռ գործընթացն ավելի ու ավելի անդառնալի բնույթ է ստանալու: Իշխանության պահպանման եւ ձեւավորված նեղ կաստայի շրջանակներում նրա ժառանգականության ապահովման գերխնդիրները կարելի է լինելու ապահովել միայն եւ միայն այդ ճանապարհով, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը բազմակի օգտագործման գործիք է դառնում արտաքին ուժերի ձեռքին: Ընդ որում, անհիմն լավատեսություն է, նույնիսկ միամտություն՝ կարծել, թե հայկական գործոնի շահարկումը տեղ է գտնելու սոսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում զիջումներ կորզելու ենթատեքստում: Դասականի խոսքերով ասած՝ մեր իշխանություններից պահանջվելու են բազմաթիվ մեծ ու փոքր ծառայություններ, ինչի ծանրությունը բնականաբար կրելու է շարքային հայը, իսկ վերջին հաշվով ողջ հայությունն ընդհանրապես:

Անընդունելին միայն գործող նախագահի հավակնությունը չէ մեր ժողովրդին պարտադրել գործողությունների ցանկացած ծրագիր, որի չկատարումն ըստ նրա կարող է հանգեցնել ողբերգության, այլեւ նպատակը, որպեսզի այս ժողովուրդը վերջնականապես համակերպվի այն մտքի հետ, որ ամենը, ինչ չի ծառայում իշխող վարչակարգի հարատեւությանը՝ վտանգավոր է իր՝ հայության համար: Եւ ուստի չխաբենք ինքներս մեզ, թե պարտադրված զիջումների գնով ձեռք բերված «խաղաղությունը» չարիքի փոքրագույնն է, քանզի նույն տրամաբանությամբ վաղը պարոն ՏերևՊետրոսյանը, ի կատար ածելով միջազգային հանրության կամքը, կարող է ներքաշել հայ ժողովրդին մի որեւէ նոր արյունալի բախտախնդրության մեջ, բոլոր փորձությունների արդարացում եւ բացատրություն ունենալով մեր անընդունակությունը «դեմ դուրս գալու ողջ աշխարհին»: Համաձայնենք, որ սա այլեւս ազգային պատմության ընթացքի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, այլ ընդամենը մի հնազանդ հանրության ծառայությունն է մեկ պաշտոնատար անձի ու նրա մերձավորների իշխանության պատմության կերտմանը:

Եթե Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարությունն իսկապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի ճակատագրով եւ հնարավորության սահմանների առավելագույնում նորաստեղծ պետականության արտաքին քաղաքականության ինքնուրույնության պահպանմամբ, ապա նա պարտավոր է սեփական ժողովրդի առջեւ ճանաչել եւ ամենակարճ ժամկետներում ուղղել տարիների խեղումները ներքաղաքական ոլորտում: Պետք է հիմնավորապես վերանայվի հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, իսկ բնակչության շրջանում անհանդուրժելի աստիճանի հասած սոցիալական անհավասարությունը հարթեցնել հարկային ոլորտում որակապես նոր սկզբունքների ներդրմամբ, ինչը հնարավորություն կտա առանց սեփականության վերաբաշխման համայնավարական ոճի կիրարկման վերականգնել հասարակության գերակշռող մասի կենսագործունեության ընդունակությունը: Չմաքրելով գարշահոտ տարածող ավդյան ախոռները հանրապետության ներսում ՝ երբեք  հնարավոր չի լինելու իրականացնել ազգանպաստ արտաքին քաղաքականություն, առավել եւս ներկա համաշխարհային իրողություններում պաշտպան կանգնել ազգային հիմնահարցերին: Մնացյալը մեծ պոետի բնորոշմամբ սոսկ բառեր են՝ բառեր, բառեր բառեր եւ մեր համոզմամբ՝ անզոր, իզուր, անիմաստ:

01.12.1997

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել