Հղիությունը՝ որպես ֆիզիոլոգիական պրոցես, կյանքի նորմալ պայմաններում հեշտ է տանել: Ոչ ճիշտ սնվելը, մարմնի ոչ մաքուր պահելը, հոգնածությունը, շրջապատի անբարենպաստ գործոնները հղի կնոջ օրգանիզմում կխանգարեն կենսագործունեության ֆունկցիաները, որի պատճառով առաջանում են տարբեր բարդություններ: Այդ պատճառով հղիության ընթացքում հղի կինը պետք է պահպանի հիգիենայի կանոնները, որոնք նպաստում են`
1. կնոջ առողջության պահպանմանը և ամրապնդմանը,
2. պտղի ճիշտ զարգացմանը,
3. ծննդաբերության և հետծննդյան շրջանի նորմալ ընթացքին,
4. կնոջ օրգանիզմի նախապատրաստմանը երեխային կրծքով կերակրելուն:
Եթե հղիությունից առաջ կնոջ ապրելակերպը ճիշտ է եղել, ապա հղիության ընթացքում նրա ապրելակերպում փոփոխություն մտցնելու կարիք չկա:
Աշխատանքը նպաստավոր ազդեցություն է թողնում հղի կնոջ նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի, արյունաստեղծման և այլ օրգանների գործունեության վրա և լավացնում է նյութափոխանակությունը:
Անգործությունը, երկարատև պարկելը, նստելը նպաստում են ճարպակալման, փորկապության, մկանային համակարգի թուլացման և ծննդաբերության ժամանակ ուժերի թուլացման: Հղին պետք է խուսափի կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, գերծանրաբեռնվածությունից, պետք է ազատվի գիշերային հերթապահությունից, ֆիզիկական գերաշխատանքից, որոնք բացասաբար են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Հղի կնոջը անհրաժեշտ է ապահովել 8 ժամ գիշերային քունը, զբոսանքը, ճիշտ սնվելը, սնունդը պետք է լինի լիարժեք, հարուստ սպիտակուցներով, վիտամիններով, ածխաջրատներով, իսկ հղիության վերջում պետք է սահմանափակեն աղը և հեղուկները: Հղիության ընթացքում հղի կնոջը հակացուցված է ալկոհոլը, ծխելը, թմրադեղերը: Ծխող կանայք ունենում են անհաս և տհաս երեխաներ: Այդպիսի երեխաները ավելի հաճախակի են հիվանդանում մանկական հասակում:



