Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի և նրա եվրոպական հավատարիմ դաշնակից Մեծ Բրիտանիայի միջև՝ կապված Իրանի միջուկային համաձայնության շուրջ տեղի ունեցող դեպքերի հետ։
Նախօրեին ՄԲ ԱԳ նախարար Բ․ Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների նոր ծրագիրը չի գործի։ Այնուհետև նշել է, որ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալը ՄԲ և ԱՄՆ արտաքին հարաբերությունների համար բավականին նուրբ հարց է, որին համապատասխանորեն չվերաբերվելու դեպքում կարող է վնասել երկու երկրների հարաբերությունները։ ՄԲ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, քննադատելով ԱՄՆ պետքարտուղար Մ․ Պոմպեոի գործողությունները, հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն ի վերջո վերադառնալու է բանակցությունների սեղանի շուրջ, ինչը, սակայն, կարող է որոշակի ժամանակ պահանջել։
Այստեղ, սակայն, կարևորն այն է, որ ավանդականորեն ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր ՄԲ-ն, փաստորեն, ԱՄՆ-ի համար կարևոր հարցերից մեկում ոչ միայն այլ դիրքորոշում ունի, այլև քննադատության է ենթարկում վերջինիս արտաքին քաղաքականության ղեկավարի գործունեությունը, և փորձում է որոշակի ճնշումներ բանեցնել և բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել ԱՄՆ-ին։
Այս ամեն ինչում, իհարկե, հիշատակության է արժանի նաև Իրանի կատարած այն տիտանական աշխատանքը, որը կարողացավ երկու տարվա ընթացքում, օգտագործելով այն սահմանափակ հնարավորությունները, որոնք ստեղծվել էին միջուկային համաձայնությունից հետո կատարել ճշգրիտ քայլեր՝ Եվրոպայի համար վստահելի և կարևոր գործընկեր դառնալու հարցում։