Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի եւ հատկապես յուր «Բենթլիի» մասին:
ա/.Աստված ասում է` ո՞վ ես դու, որ դատես իմ ծառային, ես կանգեցրել եմ նրան, ես կգցեմ նրան, ես կրկին կկանգնեցնեմ նրան:
բ/.Նրանք` բոլոր հոգեւոր սպասավորները, ունեն Տիրոջ սրբազան յուղի օծումը:
գ/.Ինչ-որ բան ասելով հոգեւոր սպասավորների մասին՝ մենք ոչ թե դատ ու վեճի մեջ ենք մտնում սպասավորի, այլ` անմիջական Աստծո հետ, փոխարեն եւ ընդամենն ասելու` Դու ես դատավորը, Տեր, Քո ձեռքն ենք տալիս ամենն եւ ամենքին, նաեւ` Քո սպասավորներին, մենք գիտենք, Տեր, որ Քո դատաստանն սկսվելու է Քո իսկ տնից, սակայն դատավորը Դու ես:
դ/.Եթե ինձնով լիներ, ես խոնարհաբար խորհուրդ կտայի սրբազանին` «ազատ արձակել» իր «Բեթլին» կամ իրեն` «Բեթլիից»: Որովհետեւ նույն սուրբգրային խոսքում ասված է` վայ ձեզ, եթե ձեզնից մեկը գայթակղի այս փոքրիկներին:
Փաստորեն եւ այլեւս, այսքան գայղակղվածներ կան այդ «Բենթլիից», եւ եթե այն սրբազանի համար սովորական է, ինչը ես չեմ վիճարկում, ինքը պետք է մտածի այդ մասին, եւ կարծում եմ` նվիրատվություն անի որեւ մանկատան կամ ծերանոցի` վաճառելու, մի օգտակար նպատակի ծառայեցնելու:
դ/.Ես ինքս երկար տարիներ Սուրբ Սարգիս եկեղեցու «պրիխաժան» եմ, ունեմ իմ փոքրիկ անկյունը եկեղեցում. վերեւում, երգչախմբի կողքին, չերեւացող մի տեղ. Ճրագալույցի պատարագներից մեկի ժամանակ աչքերս փակ աղոթքի մեջ եմ. մեկ էլ զարմանալի մի զորություն իջավ վրաս, էդպես լինում է, երբ ինչ-որ մեկն անտես իր աուրայով, աղոթքով միանում է քեզ. երկար ժամանակ այդպես կանգնած էի ու մեկ էլ շուռ եկա, տեսնեմ՝ հետեւումս կանգնած է Նավասարդ սրբազանը (ինքն ինձ չի ճանաչում` մինչեւ օրս), ես լուռ շրջվեցի ու հասկացա... Աստծո օծումն էր նրա միջոցով ինձ փոխանցվում:
Մեկ այլ անգամ Ավագ շաբաթվա Խավարման գիշերը ինքն էր քահանայում. ես չգիտեի, անկեղծ ասած` նաեւ ցնցված էի. Խավարման գիշերվա շարականներն ինքն երգում... անո՜ւշ-անո՜ւշ` ասես երկնից. ողջ եկեղեցին համրացած էր. ով եղել է այնտեղ, ով երբեւէ լսել է դա... չի՜ կարող մոռանալ.
-Խորքեր կան երկնում, երկրում ու մարդկանց ներսում, որոնք լոկ Աստված գիտի...
Դրա համար է ասվում երեւի` մի դատիր:
Այդ օրերից հետո ես սիրում եմ սրբազանին:
Ուզում` շատ ուզում, որ իր էս մի տեսակը հաղթի... իրեն:
Ու բոլորիս:



