Panarmenian.net-ը գրում է.

Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ՝ այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Այդ մասին հայտարարել է Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին՝ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր կարող են համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: «Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միայն համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո»,-ասել է Ասաթիանին:

«Դեռևս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձևաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երևանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին («Սասնա ծռերի»), ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաև ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է»,-ասել է Amnesty International-ի պատասխանատուն:

Նա նշել է, որ Հայաստանի պարագայում իրենք ուսումնասիրել են հավաքների ազատության խնդիրը: Նշելով, որ Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր՝ Ասաթիանին հավելել է, որ, որպես Amnesty International-ի ներկայացուցիչ, ներկա էր Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին:

«Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման և ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ: Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ կապված Երևանում 2016-ին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ: Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել