Արագաչափերը և ճանապարհային երթևեկությանը հետևող մյուս սարքերը չի կարելի անջատել ոչ մի դեպքում: Իհարկե, ինչ-որ տեղերից պետք է ընդհանրապես հանել արագաչափերը, պետք է նաև մեծացնել և լուսավորել դրանց առկայության մասին տեղեկացնող նշանները, վերանայել որոշ փողոցներում սահմանված արագությունը, անպայման զգալիորեն նվազեցնել տուգանքների չափը, բայց առհասարակ անջատել տեսահսկման սարքերը չի կարելի:
Առհասարակ, նոր կառավարությունը կարծես թե գնում է ամենասխալ ճանապարհով, որ կարող էր գնալ ժողովրդական շարժման արդյունքում իշխանության հասած կառավարությունը՝ պոպուլիստական քայլեր է անում: Դա սխալ ճանապարհ է, և այդ մասին կառավարությանը մոտ կանգնած մարդիկ պետք է ասեն:
Եթե մի հասարակություն (կամ ժողովուրդ) այդքան կամք և գիտակցություն գտավ իր մեջ, որ կարողացավ կանգնել ձեր կողքը և հաջողության հասցնել իշխանափոխության կամ հեղափոխության գործընթացը, ապա ինչու՞ եք մտածում, որ այդ նույն հասարակությունը կամ ժողովուրդը չի տարբերում այն, ինչ արվում է իր բարեկեցության (այդ թվում՝ անվտանգության) համար այն ամենից, ինչ արվում է նրան պարզապես դուր գալու համար:
Ի վերջո, պետք է կարողանալ տարբերել անհրաժեշտ գործողությունները նպատակահարմար գործողություններից: Օրինակ՝ երևի թե անհրաժեշտ էր ազատվել շատ փոխնախարարներից և վարչությունների պետերից, բայց արդյո՞ք դա նպատակահարմար էր անել «կադրային ջարդ չի լինելու» արտահայտությունից ընդամենը օրեր անց...
Արդյո՞ք նպատակահարմար է անջատել տեսահսկման սարքերը։ Ոչ, դրանք անվտանգություն էլ են ապահովում:
Արդյո՞ք անհրաժեշտ է անջատել տեսահսկման սարքերը։ Ոչ, խախտումները պետք է արձանագրվեն:
Բայց արդյո՞ք անհրաժեշտ է վերանայել տուգանքների չափերը, տեղադրման վայրերը և այլն։ Անշուշտ, այո:
Դա նաև նպատակահարմար է:
Ամենակարևորը՝ #դուխով։