* Ուսանողներիս միշտ բացատրում եմ, որ ցանկացած խնդրի մոտենալիս պետք է սկսել իրերի ու երևույթների սահմանումը տալուց, պատճառահետևանքային կապերը հասկանալուց, գումարած դրան՝ պետք է ունենալ այդ խնդիրներին վերաբերող գիտելիքակազմ։ Վախենամ, որ այս մեթոդներով առաջնորդվելիս վերջում պարզվի, որ «Ղարաբաղ տելեկոմն» ավելի շատ բարեգործական ընկերություն է, ոչ թե մոնոպոլիա։
* Մի փոքր մաթեմատիկա։ Արցախի տարածքում ապրում է մոտ 146000 մարդ, որից 105000-ը նշված օպերատորի բաժանորդներ են, այսինքն՝ մոտավորապես Երևանի Էրեբունի համայնքի չափ բաժանորդ։ Էրեբունի համայնքը սպասարկելու համար, սակայն, տեղի օպերատորներին հերիքում է 2-3-ական ենթակայանը, քանզի խնդրո առարկա տարածքը 48.5 կմ2 է ու հարթավայրային։ Արցախի տարածքը 250 անգամ (!) մեծ է Էրեբունի համայնքի տարածքից, հետևաբար այնտեղ 2-3 կայանի փոխարեն մոտ 73 կայան է տեղադրված, ըստ որում՝ հիշեցնեմ, որ Արցախի տարածքը կտրտված ու լեռնային է, ու որ ամենակարևորն է, սպառողների թվով, ինչպես նկատեցիք, Արցախը հավասար է Էրեբունի համայնքին։ Այս իսկ պատճառով Արցախի շրջանների մեծ մասում «Ղարաբաղ տելեկոմը», այսպես ասած, տակ է տալիս, և միայն Ստեփանակերտը, մասամբ Մարտակերտի ու Մարտունու հարթավայրային շրջաններն են թույլ տալիս ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությանը շահույթ ունենալ։ Սրան գումարենք այն, որ սույն ընկերությունն ունի աշխատակիցների մեծ ցանց, ինչը հետևանքն ու արտահայտիչն է արցախյան սոցիալ-տնտեսական իրականության։
* Մաթեմատիկայի ու տնտեսագիտության տարրական իմացությունն իրականում թույլ կտար հասկանալու, որ Արցախի տարածքում հեռահաղորդակցային տնտեսվարության բիզնեսը «դատապարտված է» ունենալու մեկ սուբյեկտ (կարդա՛՝ բնական մենաշնորհ)։ Եթե գիտեք որևէ տնտեսվարող, որ կուզի մտնել այսօրինակ շուկա, ապա վերջինիս կազմած բիզնես պլանը խոստանում եմ սեփական միջոցներիս հաշվին անձամբ տպել ու ներկայացնել Արցախի կառավարության քննարկմանը։ Եթե «Ղարաբաղ տելեկոմը» փորձի շուկայից դուրս մղել այդ «ձեռնարկատիրական իդեալիստին», այդժամ նոր կարելի կլինի խոսել անբարեխիղճ մենաշնորհի մասին։ Թե չէ առանց իրական այլընտրանքի եղածը մերժելը լուրջ չէ։
* Իսկ ինչ վերաբերում է առկա տեսքով խնդրի լուծմանը, ապա աշխատակիցների կրճատման հաշվին ծառայությունների որակի դույզն-ինչ բարձրացումից կամ «Ղարաբաղ տելեկոմի»՝ հանրության հետ բացատրական աշխատանքներ տանելուց զատ՝ այլ լուծում չեմ տեսնում։
* Եվ վերջում՝ մի բան էլ․ Արցախի բնակչությունն օբյեկտիվորեն Հայաստանի բնակչության ամենաչարչարակիր մասն է։ Սա անտեսելով՝ վերջինիս նուրբ զգացմունքների հետ անգիտակցաբար կամ, առավել ևս, դիտավորյալ խաղալը, մեղմ ասած, ազնիվ ու ճիշտ չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1773396539373490
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել