Մենք` հայերս, մեզ բնորոշելիս հաճախ ենք նշում մեր ընկերասեր լինելու մասին: «Ո՞ւմ ես պետք առանց ընկեր»` սիրում ենք կրկնել:
«Երիտասարդները ընկերություն անել չգիտեն, հիմա ամեն ինչ շահի վրա է հիմնված: Ընկերությունը մենք էինք անում, իսկական, որ ընկերոջդ համար կյանքդ կտայիր»,- այսպես արտահայտվեց 70-ամյա Վոլոդյա պապիկը: Այս մասին խոսեցինք նաև երիտասարդների հետ, փորձեցինք նրանցից պարզել` ի՞նչն է իրենց համար կարևոր ընկերության մեջ: 18-ամյա ուսանողուհի Մարին այսպես արձագանքեց. «Ինչպե՞ս թե հիմա իսկական ընկերություն չկա: Կա: Եթե այն ժամանակ ընկերության մեջ կային որոշ սահմանափակումներ, ապա հիմա դրանք չկան: Չեմ պատկերացնում, ասենք, մի քանի տասնամյակ առաջ ընկերություն աղջկա և տղայի միջև»,- ասում է նա: Մարիի համար ընկերության մեջ կարևոր և առաջնային է վստահությունը. «Աղջիկների նման ընկերություն ոչ ոք չի կարող անել: Տղաները ինչքան պիտի հաց ու պանիր ուտեն, որ մեզ նման ընկերություն անել սովորեն»: Իսկ 19-ամյա Արշակը հակառակ կարծիքն ունի. «Դե, աղջիկների մոտ մեկը մյուսից սիրուն եղավ, առաջանում ա նախանձ կամ` էս տղան մեկին ավելի ուշադիր նայեց, իսկ ի՞նչ ընկերություն, եթե կա նախանձ: Տղաների մոտ ընկերություն անելը ավելի լավ ա ստացվում»: Աղջիկներն էլ իրենց դիրքորոշումն են ներկայացնում: «Ի՞նչ են խոսում: Իհարկե, հնարավոր է լինեն աղջիկներ, ովքեր նախանձ են, բայց նախանձ լինում են նաև տղաները: Իսկական ընկերություն կարող է լինել աղջիկների մոտ, ավելի մաքուր և անկեղծ, քան տղաների: Եթե տղաների մոտ ընկերությունը սահմանափակվում է միասին խմելով և քեֆեր անելով, մեզ մոտ ամեն ինչ ավելի հետաքրքիր է»,- կարծում է 21-ամյա Անժելան: Ի վերջո ո՞վ է ճիշտ, ո՞վ է օրինակելի ընկեր, և ում ես պետք առանց ընկեր:
Նյութի աղբյուր՝ http://azatgoti.livejournal.com/40152.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել