20-ամյա դերասանուհի Էրմինա Զախարովայի համար «Ոսկե դպրոց»-ը դեբյուտային էր: Նրան հեռուստադիտողը միանգամից սիրեց: Էրմինայի մասին քիչ տեղեկություններ կան համացանցում: BlogNews.am-ի հետ անկեղծ զրուցում դերասանուհին պատմել է ընտանիքի, դերասանական աշխատանքի, ընտրյալ ունենալու և ապագա պլանների մասին:

Կրթություն

Դպրոցն ավարտելուց հետո որոշել է ընդունվել Իրավաբանական ֆակուլտետ, բայց վերջին օրերին կտրուկ փոխեցի որոշումս ու գործերս հանձնեցի Թատերական ինստիտուտ: Քննությունները հանձնեցի առանց նախապես պատրաստվելու և, փառք Աստծո, ընդունվեցի: Քույրս այդ ժամանակ արդեն այնտեղ էր սովորում, ու կարծում եմ՝ Թատերական գնալու պատճառներից մեկն էլ երևի թե դա էր, քանի որ հաճախ էի լինում իր դասերին ու տեսնելով փորձերը՝ ոգևորվում դրանից: Այժմ ինստիտուտի 3-րդ կուրսում եմ սովորում՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում:

Ինչպե՞ս հայտնվեցի հեռուստատեսությունում

«Ոսկե դպրոց»-ն իմ առաջին նախագիծն էր հեռուստատեսությունում: Հայաստանում չէի, երբ ընկերուհիներիցս մեկը զանգահարեց և ասաց, որ այդպիսի նախագիծ կա: Գնացի քասթինգի, ու մի քանի օր հետո ասացին, որ ընտրվել եմ: Այդպես հայտնվեցի «Ոսկե դպրոց»-ում: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր ընդունվում են Թատերական՝ հուսալով, որ հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհն անցնում է այնտեղով: Ի սկզբանե նպատակ չի եղել հայտնի դառնալու, քանի որ ուզում էի մնալ թատրոնում, բայց, աշխատելով տեսախցիկների հետ, հասկացա, որ դա էլ վատ չի ստացվում, ու սիրեցի հեռուստատեսությունը:

29717903_2122267091341382_5717444272408494080_n

Իմ և Մաշայի նմանությունների մասին

Մաշան և ես իրականում ունենք նմանություններ, բայց ես, իհարկե, նրա աստիճանի բարդ մարդ չեմ ու հիվանդագին չեմ խանդում: Մեր նմանությունը միայն այն է, որ ինչպես Մաշան, այնպես էլ ես մինչև վերջ պայքարում ենք մեր նպատակին հասնելու համար ու չենք հանձնվում: Մնացած առումներով մենք ընդհանրություններ չունենք։ Ես, օրինակ, չեմ պատռի այն աղջկա շորերը, ով հավանում է իմ ընկերոջը և այլն, և այլն:

Ընտանիք

Ապրում եմ ծնողներիս ու քրոջս հետ: Մայրս հայ չէ, արմատներով ուկրաինուհի է, այդտեղից էլ գալիս է ազգանունս՝ Զախարովա: Հայրս հայ է։ Ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Ինչպես արդեն ասացի, քույրս նույնպես սովորում է Թատերական ինստիտուտում, ապագա ռեժիսոր է: Ծնողներս կապ չունեն դերասանական արվեստի հետ:

Էրմինա անունը հետաքրքիր պատմություն ունի

Սովորել եմ ռուսական դպրոցում, և քանի որ ռուսերենում չկա «հ» տառը, անունիս արտասանության հետ խնդիրներ կային, ու Հերմինան դարձել էր Էրմինա: Ես, անկեղծ, նույնիսկ գոհ եմ դրանից, քանի որ մի տեսակ ինձ ուրիշ է դարձրել անունս, տարբերվող ու ինքնատիպ:

26868401_164343184195450_5264070625609121792_n

Հայտնիությունը շատ բան է փոխել իմ կայքում

Հաճելի է, երբ քայլում ես փողոցում, ու քեզ ճանաչում են, ժպտում ու ջերմ են քո նկատմամբ: Հատկապես երբ լսարանը անչափահասներ են, դրանից լավ ներկայանալու պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում:

Բացի նրանից, որ «Ոսկե դպրոց»-ի միջոցով հայտնի դարձա, այն ինձ տվեց նաև շատ լավ ընկերներ ու ծանոթությունների լայն շրջանակ: Ընկերներս միայն դերասաններ չեն․ կան նաև ռեժիսորներ ու, առհասարակ, արվեստի հետ կապ չունեցող մարդիկ: «Ոսկե դպրոց»-ից շատ ընկերներ ունեմ, որոնց հետ շփվում ենք նաև նկարահանումներից դուրս, օրինակ՝ Մհերը, Բոնին, Գոշը, Հայկը և այլք: Սիթքոմի շնորհիվ նաև «Արմենիա TV»-ում աշխատելու հնարավորություն ստացա: Վերջերս նկարահանվել եմ նոր 25 մասանոց հեռուստատերիալում, որը շուտով եթերում կլինի: Բացի դրանից՝ դերասանական առումով կատարելագործվեցի:

Նախասիրություններ ու հետաքրքրություններ

Ժամանակի մեծ մասն անցնում է նկարահանման հրապարակում, ինստիտուտում էլ խաղում եմ մի քանի ներկայացումներում: Բայց եթե այդ հագեցած գրաֆիկից կարողանում եմ շեղվել, ապա անպայման գնում եմ ֆիլմ դիտելու: Կինոման չեմ, բայց աշխատում եմ բեսթսելեր ֆիլմերը բաց չթողնել: Սարսափ ֆիլմերի սիրահար եմ:

22639258_1569624393102960_7985310132818935808_n

Ես կարիերիստ եմ ու չեմ շտապում հարաբերություններ սկսելու հարցում

Հեռուստադիտողները հաճախ խաղընկերներին սիրավեպ են վերագրում, ինչը եղավ նաև իմ և Հայկի դեպքում: Ես նորմալ եմ վերաբերվում այդ հանգամանքին, որովհետև բոլորի հետ էլ մտերիմ եմ, կարող եմ նրանց հետ լուսանկարներ հրապարակել, ինչը կարող է նաև նման ենթադրությունների առիթ տալ: Բայց ես գիտեմ, որ այդպես չէ:

Անձնական կյանքումս դեռ փոփոխություններ չկան, քանի որ ընկերներս այնքան են լցնում իմ օրը, որ բաց տեղ չի մնում ու, կարծես, կարիք չունեմ զուգընկերոջ: Ավելի շատ կարիերիստ եմ ու ձգտում եմ նախ աշխատանքի մեջ հաջողել, հետո նոր մտածել անձնական հարաբերություններ կառուցելու մասին: Այդ ընթացքում նաև որոշակիորեն կհասունանամ, ու ավելի հստակ կլինեմ որոշումներումս:

Բնութագրիչներ, որոնք պետք է ունենա տղան ինձ դուր գալու համար

Դժվար է ասել՝ ինչ բնութագրիչներ ու որակներ պետք է ունենա տղան, որ կարողանա գրավել իմ սիրտը: Ինձ համար առաջնայինը վերաբերմունքն է ու մոտեցումը: Ի տարբերություն շատերի՝ ես չեմ սիրում, որ ինձ մեծարում են: Ուզում եմ՝ ինձ հասարակ վերաբերվեն: Իմ ընտրյալը պետք է կապ ունենա իմ ասպարեզի հետ, քանի որ ես չեմ պատրաստվում թողնել դերասանական արվեստը: Ցավով պետք է նշեմ, որ հայ տղաների մեծ մասի մոտ կա տարածված միտում, որ որոշակի սահմանափակումներ են դնում իրենց ընտրյակների առջև՝ չթողնելով նկարահանվել սերիալներում և այլն, ինչը ինձ համար անընդունելի է, քանի որ դա էլ ինքնադրսևորման իմ տարբերակն է:

Ապագայի պլաններ

Հետագայում շատ կցանկանամ ընդունվել Դրամատիկական կամ Կամերային թատրոն, իսկ հեռուստատեսության աշխատանքը միանշանակ կշարունակեմ՝ փորձելով համատեղել թատրոնն ու կինոն: Երազկոտ չեմ, սրանք ավելի շատ նպատակներ են, որոնց փորձելու եմ ամեն գնով հասնել: Այս ոլորտում աշխատելով՝ սովորել եմ չկոտրվել ու առաջ գնալ:

26865251_219726185250876_3730122480317104128_n

29087230_562559977433821_8145323722161520640_n28763853_150392365631667_5023505023414304768_n.jpg

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել