Հեղափոխական կրքերն աստիճանաբար մարում են, և ՀՀ-ն փորձում է վերադառնալ առօրյա կյանք: Կամաց ամբողջանում է ՀՀ նոր կառավարությունը: Փաստացի, հին կառավարությունից միայն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է պահպանում պորտֆելը` հասցեն փոխած` պաշտպանության նախարար: Եվ դա Նիկոլ Փաշինյանի լավագույն ընտրությունն է ՊՆ-ի համար: Երեկ Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը` փոխվարչապետ, Սուրեն Պապիկյանը` տարածքային կառավարման և զարգացման, Արայիկ Հարությունյանը` կրթության և գիտության, Մխիթար Հայրապետյանը սփյուռքի նախարար: ԱԳ նախարար նշանակվեց Զոհրաբ Մնացականյանը:

Արտակ Զեյնալյանն` արդարադատության, Մանե Թանդիլյանը` աշխատանքի և սոցիալական ապահովության: Իհարկե, նոր նախարարներին` բացառությամբ Տոնոյանի, Զեյնալյանի և Մնացականյանի, միանշանակ ներկայացվելու է անփորձության և համակարգի չիմացության մեղադրանքը: Իրականում դա նրանց առավելությունն է․ պետք չէ իմանաս այն, ինչ պատրաստվում ես փոխել, պետք է իմանաս այն, ինչ ուզում ես ունենալ: Ծանոթ ու անծանոթ այդ անունների հաջողության պատասխանատուն Նիկոլն է, բայց վերջինիս հաջողության պատասխանատուն Հանրապետության հրապարակն է, որտեղ կենտրոնացած էր Հայաստանի փոփոխությունների կամքն ու հույսը:

Մեղրի տակառին մազութ է ավելացնելու ԲՀԿ-ն, ում էլ նախարար առաջադրի: Նույնը` ՀՅԴ-ն: Չի կարող հեղափոխությունն իշխանության բերել մերժված համակարգից պոկված հատվածին` ինչ էլ այդ հատվածը հայտարարի իր մտադրությունների ու որոշումների մասին: Դա նոնսենս է: Կոնյունկտուրային ու իրավիճակային լուծումներն իվերջո կարող են վերադառնալ բումերանգի հետհարվածով: Սիրո ու համերաշխության հեղափոխությունը սեր ու համերաշխություն է արտածում հրապարակներում ու փողոցներում, պետական համակարգում աշխատանքը մասնագիտական հմտություններից ու քաղաքական կողմնորոշումից բացի առաջին ունակություն է պահանջելու դիմադրունակությունը: Բոլոր հանգամանքներում շիտակ մնալու համար: Պայմանավորվածությունները պահելու անհրաժեշտության դիմաց միակ մխիթարությունը` ձևավորվում է անցումային կառավարություն մինչև արտահերթ ընտրությունները: Թեպետ` ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միակ նպատակը լինելու է հետընտրական իրականության մեջ տեղ ապահովելը: Ընտրությունները պիտի վերադասավորեն քաղաքական դաշտը` դե ֆակտո:

ՀՀԿ-ն խոստանում է լավ ընդդիմություն լինել ու չխանգարել կառավարության աշխատանքին: Խոստանում է իր մեծամասնություն լինելը չշահարակել: Գուցե այդպես էլ լինի: Բայց ոչ հանուն նոր կառավարության հաջողության, այլ` հանուն ընտրություններում ձայն ստանալու: ՀՀԿ-ն նոր իրավիճակում նոր որոշումներ պետք է ընդունի` իր համար խորթ ու դժվար, բայց անհրաժեշտ: Ապագա ունենալու համար: ՀՀԿ-ի պարագայում անցյալը այն ժառանգությունը չէ, որ թևեր է տալիս:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել