Մեծ ընդմիջումից հետո երեկ տեղի ունեցավ իրադարձություն, որին սպասում էինք: Սպասում էինք անհամբեր, մեծ կարոտով ու հուզմունքով: Երբ բեմ բարձրացան ավագ սերնդի ներկայացուցիչները` իրենց խորհրդանշական դարձած կարմիր թիթեռներով ու գոտիներով, որոնց շառմը կախարդում է յուրաքանչյուր հանդիսատեսի, հասկացանք, որ այսքան տարի անց մենք դեռ գտնվում ենք 1992 թվականի ազդեցության տակ, երբ առաջին անգամ հայտարարեցին, որ չեմպիոն ենք: Ու չեմպիոն լինելը դարձավ չափանիշ, աշակերտները գերազանցեցին իրենց ուսուցիչներին` միշտ բարձր պահելով նրանց անունն ու մեր ազգի պատիվը: Բազմաթիվ դժվարություններ տեսնելով այդ տարիներին` մենք գտանք մեր ուրախությունը, նրանք մեր հասարակության սերուցքն էին, որոնցից դեռ օրինակ են վերցնելու շատերը: Խոսքը բնականաբար գնում է КВН-ի մեր մեծերի մասին՝ ЕрМИ և Новые Армяне թիմերի անդամների մասին: Բոլորն էլ գիտեն, որ խելացի մարդկանց ծիծաղեցնելն ամենադժվար գործն է, որովհետև նրանք հիմնականում ուղղակի հեգնական ժպտում են: Իսկ նրանց ելույթների ժամանակ ոտքի կանգնած ծափահարում էր ամբողջ դահլիճը (ժյուրիի անդամների փորի մկաններն էին բռնվում ): Երեկ մենք հասկացանք, որ КВН-ը մի յուրահատուկ ժամանակի մեքենա է, որը մեզ տեղափոխում է, տանում հեռու, այն օրերը, որոնցից միայն հուշեր են մնացել, այն օրերը, երբ մենք իսկապես ապրում էինք, այն օրերը, որոնք ամենանշանավորն են եղել մեր կյանքում: Ու քանի որ երեկ մենք նշում էինք հայկական КВН-ի լիգայի 20 ամյակը, չէին կարող ելույթ չունենալ նաև նոր սերնդի КВН-ի թիմերը: Ուրախալի փաստ է, որ ձգտում են, փորձում են, բնականաբար նրանց աճելու համար լայն աշխարհայացքն ու բավականաչափ ինտելեկտն է պակասում, բայց համոզված ենք, որ ունենալով նման օրինակներ իրենց առաջ նրանք այսքան տարի հետո կարդարացնեն մեր հույսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել