Վերջին գրառում-առաջարկս սրճարանների տնօրեններին ու աշխատակիցներին, ինչպես հասկացա, լայն արձագանք ստացավ մեդիա ոլորտում: Հիմա խնդրանք բոլոր այն մարդկանց, հատկապես ուսանողներին, ովքեր կարդացին և նույնպես կիսում են իմ կարծիքը: Մտահղացում առաջացավ համացանցում ավելի տարածել այս նյութը և ինչքան հնարավոր է շատ համախոհներ ձեռք բերել՝ հավանումների(like) տեսքով և այդ հավանումները վկայակոչելով բոլոր համալսարաններում և կրթօջախներում, որտեղ կան սրճարաններ կամ բուֆետներ, խնդրենք տնօրինողներից, որպեսզի ընդառաջ գնան մեր առաջարկին՝ ազգային տոներին միացնելով բացառապես հայրենասիրական-ազգագրական երգեր: Ով չի ընթերցել վերոհիշյալ գրառումը, կրկին անգամ ներկայացնեմ ստորև: Նախապես շնորհակալություն: Հուսով եմ՝ կօգնեք և այս մտահղացումը մեր և ձեր ջանքերով իրականություն կդառնա:

Երբևիցե եղե՞լ եք մի սրճարանում, բուֆետում կամ ռեստորանում, որտեղ հնչի ազգագրական-հայրենասիրական կամ ժողովրդական երգ-երաժշտություն: Դժվար թե: Բայց երեկ իմ և ընկերոջս խնդրանքով մեր համալսարանի սրճարաններից մեկում ողջ օրը հնչում էին հայրենասիրական երգեր: Ու զարմանալին այն էր, որ սրճարանի աշխատակիցները սկզբում չէին համաձայնվում միացնել՝ պատճառաբանելով, թե սրճարան է, անհարմար է, մարդիկ էլ չեն գա էստեղ, բայց ի զարմանս մեզ և ի հեճուկս իրենց, տեղի ունեցավ հակառակը: 2 րոպե հետո սրճարանը մարդաշատ էր, ու դա բոլորին անչափ դուր եկավ: Բոլորը մեծ սիրով նստած լսում էին, ոգեշնչվում, շատ լավ էր ամեն ինչ: Ես շատ եմ ուզում, որ բոլոր սրճարաններում կրկնվի այս նախադեպը, գոնե մեր ազգային տոների ժամանակ: Բոլոր այն մարդկանց, ովքեր տնօրինում են սրճարանների, կոչ եմ անում. մի վախեցեք, թե այդ երգերը միացնելով ձեր բիզնեսը կտուժի: Երեկվա նախադեպը ցույց տվեց, որ այն, ընդհակառակը, կօգնի ձեր բիզնեսին: Ես չեմ ասում՝ ամեն օր էդպիսի երգեր միացրեք, բայց պարբերաբար պետք է: Հավատացեք, դա ձեզ ոչ մի վնաս չի պատճառի, և դրանով նաև դուք կկատարեք ազգանպաստ գործ, և առաջին շնորհակալություն հայտնողը ես կլինեմ ձեզնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել