Հայաստան աշխարհը հարուստ է քարանձավներով, որոնց գիտական ուսումնասիրությունն սկսվում է ոչ վաղ անցյալում: 1905, ապա 1915 թվականներին հնագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ հատուկ արշավախումբ է մեկնել Արևմտյան Հայաստան, ուսումնասիրել Անիի մոտ գտնվող 35-ից ավելի եկեղեցական ստորգետնյա համալիրները, ինչպես նաև ստորգետնյա Անին: Հայաստանի քարանձավներով հետաքրքրվել են Օրբելին, Տոկարսկին, Պենտյուխովը, Միլաշևիչը, Ուրավարովը, Անուկինը և ուրիշներ: Անիի քարանձավների մասին «1860 թ. Անիի ստորգետնյա քարանձավները» խորագրով աշխատություն է թողել ֆրանսիացի հայագետ Բրոսսեն:
Հայաստանում քարանձավագիտական աշխատանքներ են սկսվել 1972 թ.: Մինչև 1978 թվականը հայտնաբերվել է Արջերի քարանձավը, Մագիլը: Աշխատանքներն աշխուժացել են 1982 թվականից: Հայաստանի քարանձավագիտական միության նախագահ, Համաշխարհային քարանձավագիտական միության փոխնախագահ Սամվել Շահինյանի ղեկավարությամբ գործող արշավախումբը 1993 թվականին Վայքի տարածքում հայտնաբերել է 5 նոր քարանձավ՝ Անահիտ, Կիկլոպ, Կարմիր և այլն: Աշխարհախումբը մինչև 1995 թվականը նկարագրել, թվագրել, հաշվի է առել 1000-ից ավելի քարանձավներ: Քարանձավներով հարուստ է Քաշաթաղի (Բերձորի) տարածքը: 2003 թվականի հուլիսի 23-ին հայտնաբերված քարանձավը ներսի կողմից ունի արձանագրության մնացորդներ:
Քրոնք (Ծաղկաբերդ) ժայռափոր համալիրն ունի բազմաթիվ մուտքեր, 4 մեծ սրահ, որ միացված են թունելներով:
Կան բնակավայրեր, որ կրկնում են Գեղարդի, Կաքավաբերդի, Ուխտուակոնքի քարանձավային բնակարանային ոճը:
Զանգեզուրի, Սևանա լճի ավազանի քարանձավային բնակավայրերը 20-րդ դարի սկզբին և կեսերին դեռևս բնակեցված էին: