Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի դուրս գալը 2015-ին Իրանի հետ կնքված համաձայնագրից կարող է հանգեցնել պատերազմի: «Մենք կարող ենք բացել Պանդորայի արկղը: Պատերազմ կարող է սկսվել»,- ասել է Մակրոնն ու հավելել. «Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ է ուզում»:
Ապրիլին, երբ Թրամփն ու Մակրոնը հանդիպեցին Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահը նրան համոզում էր չհրաժարվել համաձայնագրից: Նույն դիրքորոշումն ունեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու ՄԱԿ-ը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին կտրականապես դեմ է համաձայնագրի վերանայմանը և այդօրինակ նախաձեռնություններն անվանում է անօրինական: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքի վերանայման համար: «Եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից, կզղջա այդ պատմական սխալի համար»,- հայտարարել է Ռուհանին և հավելել, որ Իրանն ունի գործողությունների ծրագիր Թրամփի ցանկացած որոշման համար ու խոստացավ պատասխան քայլեր: Թրամփը գործարքն անվանում է խելահեղ և սպառնում է դուրս գալ, եթե Կոնգրեսն ու եվրոպացի դաշնակիցները մինչև մայիսի 12-ը չնախապատրաստեն պայմանագրի փոփոխություններ և չուղղեն լուրջ թերությունները, որ, Թրամփի կարծիքով, ունի պայմանագիրը: Նա նաև սպառնացել է վերականգնել նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Ռուսաստանը դեմ է համաձայնագրի որևէ փոփոխության: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան այդ համաձայնագիրը համարում է անայլընտրանք: «Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է Իրանի միջուկային գործարքի կենսունակությունը: Մենք գտնում ենք, որ համաձայնագիրն այլընտրանք չունի և պետք է բոլոր կողմերը կատարեն»,- ասել է Պեսկովը: Համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը հաստատում են, որ Իրանը կատարում է պայմանները, որի շնորհիվ հարստացված ուրանի արտադրության հնարավորություններն աստիճանաբար կրճատվում են, հետևաբար համաձայնագիրը պիտի մնա ուժի մեջ:
Վաշինգտոնը և նրա եվրոպացի գործընկերներն ավելի վաղ հայտարարում էին, որ իրենց հաջողվել է հաջողության հասնել Թրամփին հուզող երկու հարցերում` Իրանի միջուկային օբյեկտներ միջազգային տեսուչների մուտքի հնարավորություն և Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դադարեցում: Ապրիլի վերջին Իսրայելը ներկայացրեց, ինչպես վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, հազարավոր գաղտնի փաստաթղթերի գոյության ապացույցներ, որոնք վկայում են, որ Իրանը ստել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իր մտադրությունների մասին 2015-ին համաձայնագրի ստորագրումից առաջ: Նեթանյահուն մեղադրել էր Թեհրանին միջուկային զենքի գաղտնի մշակումների մեջ, որ կատարվել են «Ամադ նախագիծ» անվան տակ և հայտարարեց, որ Իրանը շարունակել է զբաղվել հետազոտություններով այդ ոլորտում ու 2003-ից հետո էլ, երբ նախագիծը փակվել է:
Նեթանյահուն ասել էր, որ փաստաթղթերը վկայում են` Իրանը գաղտնի է պահել «Ամադ նախագծի» փաստաթղթերը, որ ապագայում օգտագործի միջուկային զենքի մշակման համար: Իրանը Նեթանյահուին անվանեց ստախոս և պնդեց, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթի է: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փաստաթղթերն անվանեց իսկական ու հայտարարեց, որ 2015-ի միջուկային գործարքը կառուցված է ստի վրա: 2015-ի միջուկային համաձայնագիրը ստորագրել են Իրանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան: Պայմանագիրը ենթադրում է Իրանի հրաժարում միջուկային զենքի ստեղծումից միջազգային տնտեսական պատժամիջոցների, այդ թվում` նավթի միջազգային առևտրի արգելքի, հանման դիմաց: Պայմանավորվածության համաձայն, որ հայտնի է Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր (JCPOA) անունով, Իրանը պետք է կտրուկ կրճատի ուրան հարստացնող ցենտրիֆուգաների թիվը, նաև կրճատի հարստացված ուրանի պաշարները և չարտադրի զենքի համար նախատեսված ուրան:
Եվրոպական երկրները Իրանի հետ գործարքն անվանում են միջազգային անվտանգության կարևոր գործոն: Միևնույն ժամանակ մի քանի երկրներ` ներառյալ ԱՄՆ-ը ու Իսրայելը, գտնում են, որ համաձայնագիրը հստակ երաշխիքներ չի տալիս, որ Իրանը հրաժարվել է միջուկային զենքի մշակումից:
Բացի Մակրոնից, որ համեմատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը Պանդորայի արկղը բացելու հետ ու նախազգուշացրել հնարավոր պատերազմի մասին, Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքն ասել է, որ Մեծ Բրիտանիան աշխատում է համոզել Դոնալդ Թրամփին դուրս չգալ Իրանի միջուկային ծրագրից: Նա հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը նաև այլ տարբերակներ է դիտարկում։
Ակնհայտորեն Դոնալդ Թրամփը լուծում է երկու խնդիր՝ նախ՝ կատարել նախընտրական խոստումը, ապա` վերականգնել պատժամիջոցները և կանխել տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացումը, որ բխում է ոչ միայն Իսրայելի, այլև Պարսից ծոցի այլ երկրների շահերից, որ ունեն նավթի ու գազի պաշարներ:
Մայիսի 12-ին հնարավոր է հարցը դեռ լուծում չգտնի, բոլոր դեպքերում, դատելով հայտարարություններից, Իրանի հարցը դարձել է նաև Եվրոպա-ԱՄՆ փոխհարաբերությունների խնդիր, որտեղ Ռուսաստանը և ԵՄ-ն միասնական են: Առայժմ լռում է միայն Պեկինը: Հընթացս ևս մեկ սկանդալ ծագեց․ պարզվեց՝ Իսրայելի հետախուզությունը Իրանի «Ամադ նախագծի» վերաբերյալ գաղտնի տվյալներին տիրացել է Ադրբեջանի աջակցությամբ: Գուցե Ալիևը որոշ պարզաբանումներ տա՞, թե ինչու է գործել Իրանի դեմ հօգուտ Իսրայելի, մեծ հաշվով՝ ԱՄՆ-ի: Դարձյալ հանուն «տարածքային ամբողջականության» մարմաջի՞: