ՀԱՅ ազգը իր բոլոր մահ ու կենաց կռիվներից ՄԻՇՏ հաղթող, գաղափարապես ավելի կոփված, առավել զորացած է դուրս եկել՝ անկախ նրանից, թե ով է եղել թշնամին, մարդկային և ռազմի ռեսուրսների ինչ գերակայություն է ունեցել մեր նկատմամբ… Սկսած անհիշելի ժամանակներից, Վարդանանց պատերազմով, Սարդարապատով, Մեծ հայրենականով անցած ու Ղարաբաղյանով վերջացրած, մենք հաղթել ենք, քանզի ազգովի գիտակցել ենք, որ այդ կռվից է կախված Հայ տեսակի ֆիզիկական գոյությունը, և հենց այդ ճակատամարտում է որոշվում ՀԱՅ ԱԶԳԻ լինել-չլինելու հարցը: Այս առումով Շուշվա ազատագրումը մեր մղած վերջին պատերազմի խորհրդանշական հանգրվաններից է: Այս հաղթանակի առումով, որը ԲՈԼՈՐԻՆՍ Է, շնորհավորենք միմյանց և փառաբանենք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ և առաջին հերթին նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին այս հաղթանակի համար: 
ՍԱԿԱՅՆ այսօր մեզ շատ ավելի մեծ արհավիրք է սպառնում և այս անգամ, ի տարբերություն մեր մղած նախորդ բոլոր կռիվներին, մեր թշնամին աներևույթ է և նրան չափազանց դժվար է տեսնել ու հայտնաբերել, ծայրահեղ բարդ է երևակել նրա մարտավարությունը, նրա դեմ կռվի ռազմաճակատային գիծը չի երևում, ավելին՝ այն գոյություն չունի, այս ոսոխը զենք և զինամթերք չի գործածում, ինչը խաթարում է մարդկանց զգոնությունը, քանզի մարդկային զոհերի մասին խոսք չկա, այս ոսոխը որևէ տարածքային պահանջ չի ներկայացնում, քանզի հաղթանակի դեպքում, ինչին ինքը չի կասկածում, իրենն են լինելու ամբողջը՝ և՛ տարածքը, և՛ մարդկային ռեսուրսները, այս ոսոխը ժամանակային խնդիր չունի, քանզի ժամանակն էլ է իրենը և աշխատում է միայն իր օգտին և այլն, և այլն: Մեր բոլոր նախորդ թշնամիների նենգությունները, դաժանությունները, ռազմական հզորություններն ու հմտությունները միասին վերցրած այս մեկ ոսոխի զորության հազարերորդ մասն անգամ չունեն, քանզի մենք ինքներս, կամա, թե ակամա, իրեն ենք զինվորագրված և նրա հլու-հնազանդ կամակատարն ու իր շահերի և իրավունքների պաշտպանն ենք: Այս ոսոխի գլխավոր և միակ զենքը ինֆորմացիոն, մեդիամիջոցների օգտագործմամբ մարդկանց դեգրադացումն է, ինչի հետևանքով մարդը՝ մենք, սիրելի հայրենակիցներ, վերածվում ենք մարդկային մի հանրության, չգիտեմ էլ, մարդկային բառն այստեղ տեղ ունի արդյոք, թե ոչ, որի համար հայրենիք, ազգ, ծննդավայր, հայրենի օջախ, տոհմ, ընտանիք, սեր, առաքինություն, բարոյականություն և մի շարք այլ, մարդ-մարդուն մարդ-կենդանուց զանազանող հասկացությունները գոյություն չունեն, կամ լավագույն դեպքում, գոյություն ունեն զուտ ձևի և ձևականությունների հարթություններում: Մարդկային այս որակներին հակընդդեմ այս ոսոխի կողմից առաջ են մղվում մարդու բնազդների վրա հիմնված և անգամ այդ բնազդները ձևախեղած հասկացություններ, կպչուն մտքեր ու գաղափարներ, որոնք մարդուն վեր են ածում միայն «կյանքի հաճույքների» մասին երազող, ամեն գնով միայն իր նյութական բարեկեցության աստիճանը բարձրացնելու մասին բաղձացող, իր Արարչատուր պարտականություններն արհամարհած ու մոռացած և միայն իր իրավունքների ու ազատությունների մասին բարբաջող, տգետ ու անբան, ամեն գնով ուրիշի հաշվին ապրել ցանկացող, անընդհատ սպառելու մոլուցքով տարված արարածների: Հավատացնում եմ ձեզ, որ մեզանում առկա բոլոր անհանդուրժելի երևույթների՝ արտագաղթի, քաղաքական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տիրող անբարոյականության, կաշառակերության ու դրամաշորթության, զոռբայության ու քավորասանահերական ամենաթողության և մի շարք այլ վայրիվերումների գլխավոր պատճառը մեզ պարտադրված և մեր կողմից որդեգրված այս արժեհամակարգն է… 
Ուրեմն, սիրելիներս, եթե մենք գիտակցում ենք մեզ սպառնացող այս վտանգը, մեր կարողությունների առավելագույնով զինվորագրվենք այս անտեսանելի ու նենգ ոսոխի դեմ պայքարի գործին, քանզի ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ զանգերը դարձյալ տագնապ ու գույժ են հնչեցնում: Մեծ գործեր կան անելու անխտիր բոլորիս համար: Մեր, հատկապես երիտասարդության գերագույն խնդիրն է վերագտնել այն բոլոր ճշմարիտ ուղենիշները, դեպի ուր շարժվելով է միայն, որ մարդը կարող է թոթափել իրեն պատուհասած անհոգիությունն ու ամբարտավանութունը և հասնել հոգևոր կատարելության ավելի բարձր աստիճանի, համընդհանուր ներդաշնակության: Ուրեմն, սիրելիներս, նախ ավելի քննախույզ լինենք մեր, մեր զավակների, մեր հարազատների նկատմամբ, փորձենք թոթափել մեզ աննկատ գերեվարած այս խավարը, ՛ սպանենք՛ մեր ներսը ներթափանցած այս ոսոխին, վերակերտվենք ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ և ինքներս պատրաստվենք և մարդկանց էլ նախապատրաստենք ՆՈՐԻ գալստյանը, դառնանք ՆՈՐԻ ձևավորման, նրա բյուրեղացման կենտրոններ: 
«Հունձքն առատ է, իսկ մշակները` սակաւ: Արդ` աղաչեցէ’ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի համար» Մատթէոս 9:37:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել