Այսօր նախատեսված ԱԺ հատուկ նիստում, արդյունքի տեսանկյունից, հազիվ թե ինչ-որ անսպասելի բան կարող է լինել: ԱԺ 105-ից 45 պատգամավորի ստորագրությամբ, այսինքն՝ պահանջվող 1/3-ից քիչ ավելիի կողմից թեկնածու առաջադրված ժողվարչապետ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կստանա 53 և ավելի ձայն ու կընտրվի Հայաստանի վարչապետ: Այդպիսով, կարելի է ասել, կփաստաթղթավորվի վերջին մեկ ամսվա ցնցումային ու այսպես ասած՝ հեղափոխական զարգացումների ևս մեկ հանգրվան:
Ճիշտ է, ամեն տեղ «ինտրիգ» որոնողներն ու անգամ չգտնելու դեպքում նման մի բան հորինողները նույնիսկ ՀՀԿ խմբակցության մայիսի 2-ի հայտարարությունից հետո վերջին օրերին փորձում էին ինչ-որ «դավադրություններ» հայտնաբերել կամ շրջանառել, բայց պարզից էլ պարզ էր, որ հարցը, մեծ հաշվով, վճռված է: Երեկ դա էլ ավելի պարզ դարձավ, երբ ՀՀԿ խմբակցության և Գերագույն մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ելավ ՀՀԿ գրասենյակի առջև հերթապահող լրագրողների մոտ և մասնավորապես հայտարարեց. «ՀՀԿ-ն օժանդակելու է պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին»:
Ըստ էության, սա ՀՀԿ խմբակցության ավելի վաղ արված հայտարարության վերահաստատումն էր: Այսինքն՝ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ խմբակցությունն ապահովելու է նվազագույնն այնքան «կողմ», որքան անհրաժեշտ է, որ խորհրդարանական փոքրամասնության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրությունը չտապալվի, և նա դառնա ՀՀ հաջորդ վարչապետը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞վ է «կողմ» քվեարկելու և այլն: Մի քիչ, իհարկե, ծիծաղելի և երկրորդական հարց է, կարծում ենք, որովհետև եթե կա հիմնական քաղաքական դիրքորոշումը, այն է՝ թույլ տալ, որ առաջադրված թեկնածուն ընտրվի, ապա խմբակցությունից անհատապես որևէ մեկի «կողմ» քվեարկել-չքվեարկելը դառնում է երկրորդական: Միանգամայն հասկանալի է, որ դա լինելու է մեծամասնություն կազմող խմբակցության քաղաքական դիրքորոշման, այլ ոչ է առանձին վերցրած որևէ անհատ-պատգամավորի վերաբերմունքի արտահայտություն: Բայց դե սենսացիաներով գերհագեցած ապրիլյան լրահոսից հետո «ինտրիգային» տեղեկությունների իներցիոն մղում կա: Կարելի է, իհարկե, սպասել մինչև այսօրվա ԱԺ նիստի քվեարկության ավարտը և, ինչպես ասվում է, անձամբ տեսնել, թե ով ինչպես քվեարկեց: Լավ է, դեռ նախօրոք չեն պարզում, թե ով ինչպիսի կոստյումով կամ փողկապով է ներկայանալու ԱԺ նիստին:
Ամեն պարագայում, ՀՀԿ խոսնակը ևս ընդգծեց. «Ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ: Մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին: Այստեղ կուսակցության որևէ բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»:
Այսպիսով՝ վերջին զարգացումների հիմնական նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը վաղը, ըստ սահմանված կարգի, կընտրվի վարչապետ, և այս հարցում արդեն ինտրիգ չկա: Չնայած նախքան այդ էլ այն համարյա արդեն չկար: Ինտրիգը ոչ թե նրա ընտրվելն է, այլ՝ «հետո»-ն:
Այն, իհարկե, տարողունակ է: Նախ՝ ովքե՞ր են լինելու Նիկոլ Փաշինյանի ձևավորելիք կառավարության կազմում, ում ինչ պաշտոն է առաջարկվելու: Վերջիվերջո, ինչ ծրագիր է ներկայացվելու փողոցային պայքարի «ապրիլյան թեզիսների», կարգախոսային ֆրազների կամ, ինչպես առավել սուր քննադատներն են ասում, բաժակաճառերի փոխարեն: Ինչ-որ բան առաջարկվելո՞ւ է «վճռական պահին» Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած կամ, իրենց տարբերակով ասած, «ժողովրդի կողքին կանգնած» օլիգարխիայի ու խոշոր կապիտալի երևացող ու «համեստորեն» չերևացած ներկայացուցիչներին: Եվ ի՞նչ է առաջարկվելու՝ պաշտո՞ն, մենաշնորհային դիրքի պահպանո՞ւմ, թե այլ արտոնություն-մարտոնություն: Չնայած Նիկոլ Փաշինյանն իր վերջին հրապարակային ելույթներից մեկում վերահաստատել էր, որ վարչապետ դառնալուն պես առաջինը, ինչ անելու է, բիզնեսի ոլորտում մենաշնորհները վերացնելու և թույլ չտալու մասին քաղաքական հայտարարությունն է լինելու, այսպես ասած՝ քաղաքական կամքի արտահայտությունը: Կապրենք, կտեսնենք:
Մինչ այդ, ԱԺ այսօրվա նիստի հետ կապված, մեկ անգամ ևս ընդգծենք քաղաքական առումով ամենից էական հանգամանքը: Այն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել հարազատ «Ելք», ապա նաև՝ նախկին կոալիցիոն ՀՅԴ և, ամենակարևորը, «Ծառուկյան» խմբակցությունների կողմից: Ով հետո ինչ էլ ասի, քաղաքական փաստը կմնա փաստ՝ նշված խմբակցություններն են առաջադրել նրա թեկնածությունը խորհրդարանում և, բնականաբար, քաղաքական պատասխանատվություն են կրում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու ու, ինչու ոչ, նաև վարչապետական գործունեության համար:
Թե հետո ի՞նչ կանեն այդ խմբակցությունները, օրինակ՝ գլուխները կգովե՞ն, թե՞ գլխներին կտան, արդեն այլ հարց է: Իրադարձություններից առաջ չընկնենք: Պարզապես, երբ սկսում են պատսպարվել պոպուլիստական ֆրազների ետևում (ժողովրդի կողքին, ժողովրդի հետ և այլն), հատկապես այն ուժերի ներկայացուցիչները, որ ոչ այնքան վաղուց իշխանության կողքին էին ու իշխանության հետ, կարևոր է այդ պարոններին ու տիկնանց հիշեցնել ու վերհիշեցնել քաղաքական պատասխանատվություն ասվածի մասին, որը գոյություն ունի՝ անկախ իրենց հռետորաբանությունից ու նույնիսկ, անկախ այն բանից, որ մեզանում ավելի տարածված է քաղաքական անպատասխանատվությունը:
Ի դեպ՝ խիստ հետաքրքիր է, թե մայիսի 8-ից հետո ինչպիսին է լինելու խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը: Նշում են, որ հաջորդ կառավարությունը լինելու է, այսպես ասված, ժամանակավոր: Որքա՞ն ժամանակավոր: Անորոշ է: Բայց նույնիսկ ժամանակավորի դեպքում պետության օրենսդիր և գործադիր մարմինները պետք է միմյանց հետ աշխատեն: Ո՞ր ուժն է լինելու ընդդիմություն, ո՞րը՝ իշխանություն:
Սկզբունքորեն, զուտ քաղաքական տրամաբանությունից ելնելով, պետք է համարվի, որ «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցություններն իշխանական թևն են կազմում․ չէ՞ որ իրենք են առաջադրել վարչապետի թեկնածու: Նույն տրամաբանությունից ելնելով՝ ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է ԱԺ-ում, պետք է լինի ընդդիմություն: Հարց է՝ ՀՀԿ-ն պահելո՞ւ է ԱԺ ղեկավար պաշտոննե՞րը, թե՞ այստեղ էլ են որոշակի վերադասավորումներ լինելու:
Մի խոսքով՝ հարցեր դեռ շատ կան: Շատ-շա՜տ:
Իսկ ինչ վերաբերում է «ինտրիգներին», ապա դրանց սիրահարները կարող են որոնումները շարունակել, ասենք՝ այն ուղղությամբ, թե ինչպե՞ս էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների համար կտրուկ նախապայման էր դնում՝ ուղիղ եթերի առկայություն ու լրագրողների ներկայություն: Իսկ, օրինակ, ՀՅԴ ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպում էր առանց այդ նախապայմանների: Մի անգամ այդ առնչությամբ տրված հարցին նա արձագանքեց, թե մյուսները ստեղծված ճգնաժամային կացության կողմ չեն կամ նման մի բան, այսինքն՝ խնդիրը ՀՀԿ-ի հետ էր, ոչ թե հիշատակված պարոնների: Բայց այնքան էլ համոզիչ չհնչեց, մանավանդ եթե նկատի ունենանք, որ վերջինը նշված պարոններից ՀՅԴ-ն ՀՀԿ-ի վերջին կոալիցիոն գործընկերն էր, Գագիկ Ծառուկյանը՝ նախավերջին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին, առհասարակ, հենց ՀՀԿ-ն էր առաջադրել: