Ավելի լավ է չոր հացը սեփական տանը, քան բազում կերակուրներ օտար սեղանից:
Հայկական Բանակ
Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը: Եկեք մի պահ մոռանանք քաղաքականությունը, ներքին թշնամանքը և մտածենք, որ բոլորս էլ Հայ ենք: Չեմ ցանկանում շատ հեռու գնալ և հիշել դարերի խորքից եկող Հայ ազգի հաղթանակների մասին: Եկեք ընդամենը հիշենք 1988-90 թթ. Սումգայիթում և Բաքվում կատարված հայկական ջարդերը: Եկեք հիշենք, թե ինչպես այդ ժամանակ Հայ ազգը միացյալ ուժերով ստեղծեց հայոց ազգային բանակ, և սկսվեց Ղարաբաղյան ազատագրական պատերազմը: 20-25 հազարանոց բանակով պայքարում էին ադրբեջանական 75-80 հազարանոց բանակի դեմ: Սակայն հայերը կարողացան հետ շպրտել թշնամու գրոհը և ազատագրել Արցախը: Եկեք հիշենք այդ ժամանակների բոլոր զինվորներին, ազատամարտիկներին, սպաներին և ֆիդայիններին, ովքեր այդ ժամանակ միայն մի բան էին մտածում - Հայրենիք, Հայրենիքի նկատմամբ սերը նրանց համար կարեւոր բաղադրիչներից էր, ովքեր միայն մի նպատակ ունեին - հաղթանակ, Արցախի ազատագրում: Եկեք հիշենք, թե ինչպես 1992-ի մայիսի 8-ին՝ ժամը 2:30-ին, 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը: Այդ հաղթանակը բարոյահոգեբանական լուրջ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։ Փառք ու պատիվ Հայրենիքի համար օրհասական պահին անձնվիրաբար պայքարի ելած հայորդիներին, հավետ փառք ու պատիվ հայ հերոսներին, ովքեր ընկան մարտի դաշտում: Թե ինչ են նշանակում նման հաղթանակները, մենք բոլորս շատ լավ գիտենք: Այսօր բոլորս ունենք մեկ նպատակ-պահենք, պաշտպանենք արյան և կյանքի գնով ազատագրված Հայկական հողերը: Եկեք մտածենք մեր Հայկական բանակի մասին, ում ուսերին է դրված այդ ծանր, բայց միևնույն ժամանակ շատ մեծ պատասխանատվությունը: Եկեք միշտ լինենք մեր զինվորների կողքին, ուժ տանք նրանց: Չէ՞ որ նրանց ուժն ու արիությունն է մեր սահմանների անառիկությունը: Եկեք քիչ քննադատենք մեր բանակը: Մեր բանակում ծառայում են ամենախիզախ ու արի հայորդիները: Եկեք մտածենք, որ այսօր Հայ մարդը կարող է գլուխը հանգիստ դնել բարձին, քանի որ համոզված է՝ մեր սահմանում կանգնած են Հայ զինվորներ: Եկեք մեր ապագա սերնդի մեջ սերմանենք Հայրենասիրություն, քանի որ նրանք են մեր ապագան, մեր Հայրենիքի պաշտպանները:
Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:



