Ամենապատիվ Տեր

Գերաշնորհ, հոգեշնորհ և բարեշնորհ հայրեր, սիրելի եղբայրներ ի Քրիստոս։

Երեկ հեռախոսազանգ ստացա մեր սիրելի երաժիշտ ընկերներից մեկից, որին դիմել էին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի ճեմարանի տեսչությունից՝ գտնելու մեկին, ով կարող է հայ հոգևոր երաժշտություն դասավանդել ճեմարանում։ Իմ ընկերն էլ ինձ հետ էր խորհրդակցում, թե ով կա հարմար՝ այդ աշխատանքն անելու համար։ Այսօր որոշեցի իմ պատասխանը նաև հրապարակել այս բաց նամակի տեսքով, որպեսզի այն լսելի լինի բոլորիդ։

Հայ հոգևոր երաժշտության հնագույն կենտրոններից և մեր եկեղեցու դարավոր վանական ու ծիսական անխախտ ու իր ինքնատիպությունն ունեցող ավանդույթի կրողն է Երուսաղեմի հայոց վանքը: Փաստացի, միակ պահպանված վանքը վանականությամբ և իր երաժշտական ինքանտիպությամբ 20-րդ դարի օսմանյան և բոլշևիկյան աղետներից հետո: Ուստի ո՞վ կարող է այստեղ դասավանդել հոգևոր երաժշտություն: Անշուշտ մեկը, որ ոչ միայն պրոֆեսսիոնալ երաժիշտ է, այլ նաև այդ ավանդույթի քաջ գիտակ՝ դրա ծիսական գործածության մեջ տարիներով հմտացած ու թրծված: Կա՞ այդպիսի մեկը: Այո՛, կա՛, և այս մասին գիտեմ ոչ միայն ես, այլ բոլորը, և առաջին հերթին՝ դուք՝ երուսաղեմականներդ: Ուրեմն՝ ի՞նչ եղավ հանկարծ:

Երջանկահիշատակ Թորգոմ ԵՐԱԺԻՇՏ պատրիարքի կողմից Երուսաղեմ տարված, հենց նրանից երուսաղեմական հայ հոգևոր երաժշտությունը սովորած և 12 տարի ճեմարանում դասավանդած, անսահման նվիրում ու սեր ունեցող, գեղեցկագույն ձայնի տեր և հայ հոգևոր երգի անզուգական կատարող, ժամերով (հատկապես Երուսաղեմում) ծիսակատարություններին անտրտունջ և պատրաստակամ մասնակցող (ինչը, կարծեմ, չէր մտնում իր աշխատանքային՝ դասախոսական պարտականությունների մեջ), իր անհավանական հանգստությամբ, պարկեշտությամբ ու ներքին կուլտուրայով նմանը չունեցող (այս մասին կվկայեն իրեն ճանաչող բոլորը) Վարուժան սարկավագ Մարգարյանին Ի՞ՆՉ ԵՂԱՎ, Ո՞ՒՐ Է:

Ինչպե՞ս կարելի էր մեկ օրում, մի մարդու՝ իր նախկին սանի, որին ուսանող ժամանակ ապտակել էր (չեմ կարողանում պատկերացնել, թե ի՞նչ պետք է անել, որ Վարուժանը ապտակի, ինչ որ անհավանական մի բան պիտի եղած լինի) և որը հիմա դարձել է ճեմարանի տեսուչ, ոխակալ, անհեռատես, ճեմարանի ուսանողների և ամբողջ վանքի շահից չբխող և միայն սեփական վրեժխնդրությունը բավարարող անհեթեթ որոշմամբ հեռացնել Վարուժանի նման այդ պաշտոնում իսկապես անփոխարինելի մասնագետի: Ինչպե՞կարելի է փոխարինել նրան պատահական, հայ հոգևոր երաժշտության մասին դասագրքային աղոտ պատկերացումներ ունեցող, առանց մանկավարժական փորձի (այն էլ՝ ճեմարանում) անձանցով: Ճեմարանը կամ հոգևոր արժշտության ասպարեզը փորձադա՞շտ է:
Այո, տարիներ առաջ Վարուժանը սխալ է եղել նրան ապտակելով, շատ սխալ, բացի ապտակելը պիտի ծագած խնդիրը ներկայացներ օրվա Թորգոմ պատրիարքին, որպեսզի նման անձն այսօր վեղարավոր չլիներ և այդ վեղարով չկարողանար լուծել չէ թե հոգևորականին, այլ քրիստոներային անվայել իր մանր վրեժը....

Պատրիարք Հայր, սիրելի միաբաններ, ինչպես գիտեք «տաշած քարը», իսկ այս դեպքում ոչ միայն սրբատաշ, այլ նաև թանկարժեք քարը, գետնին չի մնում, և Վարուժան սարկավագը հիմա էլ պահանջված, սիրված, գնահատված ու իր գործով զբաղվող մասնագետ է, և թերևս ոչինչ (հատկապես նյութական առումով) չկորցրեց ձեր՝ նրան Երուսաղեմի ճեմարանի դասախոսի պաշտոնից հեռացնելու որոշումից: Ունեցավ շատ ավելի հանգիստ, ավելի բարեկեցիկ կյանքու աշխատանք՝ աշխարհի ամենախաղաղ անկյուններից մեկում... 
կորցրեց միայն ու միայն Հայոց Երուսաղեմը, կորցրեցին ուսանողները և ինչ որ առումով նաև մենք՝ հայ հոգևոր երաժշտությամբ զբաղվողներս, քանի որ այդ անհեռատես որոշմամբ վտանգվեց երուսաղեմական երաժշտական ավանդույթի ԳԻՏԱԿ մեկի կողմից գալիք սերունդներին փոխանցվելը...

Ուստի ես, և վստահ եմ, հայ հոգևոր երաժշտությամբ զբաղվող բոլոր երաժիշտներս, մասնագիտական խորհուրդ ենք տալիս ձեզ, իր դասախոսի հանգամանքի մեջ վերականգնել Վարուժան սարկավագ Մարգարյանին, այդ պաշտոնում չնշանակել ոչ մասնագետ և ոչ կոմպետենտ անցողիկ անձանց, որոնց պաշտոնավարումը կարող է տևել մի քանի ամիս միայն և չի բխում ճեմարանի և վանքի շահերից, այլ բավարարում է որոշ անձանց ճղճիմ ցանկությունները և «դասավանդելու» եկողների գրեթե տուրիստական հետաքրքրությունները... 
Վստահ ենք, որ Վարուժանը չունի ոչ մի զայրույթ ու նեղսրտություն, և հրավերի դեպքում սիրով կվերադառնա իր գործին, իր սրած և իրեն սիրող ու կարոտած աշակերտների մոտ:
Հավատացեք, այդ պաշտոնում, այդ տեղում Վարուժան Սարկավագն իսկապես անփոխարինելի մեկն է:

Մատչիմ ի համբոյր Ձերդ սուրբ աջոյն:

ՎԱՀԵ ԲԵԳՈՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել