Երեկ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ հայկական համացանցում, որի մասին ուղղակի չենք կարող չխոսել: Էդուարդ Շարմազանովի դուստրը՝ Նարեն, նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նկարագրել էր իր զգացմունքները, հիասթափությունները, կորցրած ընկերներին այս մեկ ամսվա ընթացքում: Դեռահաս երեխայի համար սա, իհարկե, լուրջ հարված էր, ինչն էլ քննարկումների բազմաթիվ առիթներ տվեց: Միանգամից ֆիքսենք, որ նման բովանդակության գրառումը չի կարող զուրկ լինել պաթոսից, ավելին՝ առանց դրա գուցե ընկալելի չլիներ այն չափով, որքանով որ հիմա է: Եվ ի վերջո, գրողը երեխա է, ով այս պահին հոգեբանական լուրջ փորձության է ենթարկվում:
Արձագանքները տարբեր էին, բայց կա մի կարևոոր բան․ բազմաթիվ մարդիկ թիրախավորեցին այս երեխային՝ նրանից պահանջելով պատասխաններ, որոնք նա չունի ու չի կարող տալ: Երեխաներն իրենց ծնողների արածների համար պատասխանատու չեն, ու սիրո, համերաշխության հեղափոխությունը պետք է բացառի հենց այս աստիճանի ատելությունը: Էլ ինչո՞վ պիտի գալիք իշխանությունը, միջավայրը տարբերվեն նախորդից, եթե թիրախում լինելու են երեխաներն ու նրանց հասցեին հնչող տարատեսակ մեկնաբանությունները:
Նարեն բազմաթիվ հարցեր ունի, որոնց պատասխանն այս պահին նրա հայրը տալ չի կարող, բայց պարտավոր ենք տալ մենք, որովհետև եթե նա գրել է նամակ, ապա ակնկալում է նաև պատասխան: Մենք պարտավոր ենք տալ այդ պատասխանները, որոնք պիտի լինեն այնպիսին, որ հասկանալի լինեն նամակը գրողին, մենք պարտավոր ենք հանդուրժել Նարեին, որովհետև Նարեն մեզանից մեկն է, մեր երեխան է, իսկ երեխաների հետ ատելությամբ չեն խոսում:
Փոխարենն ի՞նչ են անում այսօր այն մարդիկ, ովքեր սրա միջով անցել են մի քանի անգամ: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ ճշմարտությունը հենց պարտության ու հիասթափության մեջ է, այն հենց հանդիսանում է հետագա հաջողությունների գրավականը, ու Նարեն իրականում ոչ թե պարտվել, ոչ թե կորցրել է իր ընկերներին, այլ նրա լավագույն ընկերները դեռ առջևում են, նրա լավագույն տարիները սկսվելու են հենց այսօրվանից, ու դա մենք պետք է տեղ հասցնենք Նարեին առանց որևէ նախապայմանի: Ի վերջո, Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե դա տեղի չի ունենում, ու մի մատ երեխան դառնում է ամբողջ հասարակության պարսավանքի առարկա, ուրեմն՝ մենք այս հեղափոխությունը փուստ ենք տվել, ապարդյուն ենք անցել ու իրականում, ինչպես դասականը կասեր, արտառոց ոչինչ էլ տեղի չի ունեցել, իսկ մեզանում վերջնականապես պարտություն է կրել մարդ տեսակը: