Օրերս հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով: Եռյակի բանակցությունները Ստամբուլի հանդիպումից համարյա մեկ ամիս անց էին` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռակոծումից հետո: Երեք երկրների հարձակումն Անկարան այն ժամանակ պաշտպանեց, թեպետ չկային Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արևմտյան պետությունների քայլն անվանեց «ճիշտ և արդարացված»: Թուրք փորձագետները ձևակերպեցին Անկարայի քաղաքականության մեջ այդ շրջադարձի «պատճառները»․ իբր «իներցիայով» է պաշտպանել արևմտյան կոալիցիային, բայց ռազմական օգնություն չի եղել` ջանալով ամրապնդել իր դիրքերը Իդլիբի ու Հալեպի նահանգներում, որտեղ կան սիրիական ընդդիմության իրեն ենթակա զինված ջոկատներ: Թուրքերին նաև անհանգստացնում է Սիրիայում ու տարածաշրջանում Իրանի դերի մեծացման գործոնը: Բայց այս փաստարկներն անհամոզիչ էին և խնդրի հետ անմիջական կապ չունեին: Իրականում Թուրքիան ցանկանում էր հասնել ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության սիրիացի քրդերի հարցում: Դա չեղավ:
Փոխարենը, փաստացի, Մոսկվայի ու Թեհրանի հետ սիրիական ուղղությամբ ալյանսի մեջ գտնվող Անկարան «անակնկալ» օպորտունիզմ դրսևորեց, որ թույլ տվեց խոսել Աստանայի գործընթացում ճգնաժամի մասին: Ավելին` ակնհայտ դարձավ, որ արևմտյան երեք երկրների հարվածը Սիրիային հետ գցեց խաղաղ կարգավորման գործընթացը:
Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը հարկադրված են հաշվարկել իրենց հետագա քայլերը, հետ դառնալ, որ ոչ միայն հաստատեն նախկինում նշված նպատակները, այլև նշեն նպատակներին հասնելու ճանապարհները, առավել ևս, որ Վաշինգտոնը չի թաքցնում Սիրիայում ավելի երկար մնալու մտադրությունները, իսկ Փարիզը մեծացնում է իր զինվորականների թիվը: Բարձրաձայնվել է նաև արաբական որոշ երկրների զինված ուժերին Սիրիա գործուղելու նախագիծը:
Փաստացի, ԱՄՆ-ն փորձում է տարբեր էթնիկ խմբերի միջև սադրել տարաձայնություններ, որ ստիպում է Մոսկվային ու Թեհրանին տարբեր արտահայտություններով, բայց մատնանշել ԱՄՆ-ի ապակառուցողական դերը Սիրիայում: Այսպիսի իրավիճակում, ինչպես ասում է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, «ձևավորվել է երեք երկրների` Աստանայի գործընթացի երաշխավորների, ԱԳ նախարարների հանդիպման անհրաժեշտություն` հետագա աշխատանքները քննարկելու համար»: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով` «կարևոր է կատարել Աստանայի որոշումները, համատեղ հռչակագրերը, որ ուղղված էին այդ նպատակների իրագործմանը, սակայն դա հեշտ չէ»: Բոլոր դեպքերում կարևոր է, որ հենց Թուրքիան է հիմա խոսում «համատեղ աշխատանքի և մեր որոշումները ազնիվ կատարելու անհրաժեշտության մասին՝ ներառյալ սահմանադրական հանձնաժողովի ձևավորումը»:
Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները ջանում են ընդհանուր հայտարարի գալ Աստանայում Սիրիայի հարցով մայիսի կեսին բանակցությունների հերթական փուլից առաջ: Հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթուղթն արտացոլում է երեք երկրների դիրքորոշումը Աստանայի ձևաչափով համատեղ, համակարգված աշխատանքները շարունակելու առումով:
Եռյակը խնդիր ունի ամեն ինչ անել, որ իրենց Սիրիայի իրավիճակի կարգավորման գործընթացից դուրս չմղեն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Դա կախված է նրանից` կհաջողվի՞ Մոսկվային, Անկարային ու Թեհրանին մերձեցնել Սիրիայի քաղաքական ուժերին, միավորել նրանց շահերը գլխավոր հարցում` պետության տարածքային ամբողջականության պահպանության: Դամասկոսը կարևոր դեր ունի: Երեք նախարարների բանակցություններում հատուկ ուշադրություն դարձվեց Սիրիայի մարդասիրական իրավիճակին: