ՀՀԿ-ն պետք է փակվի որպես քաղաքական ուժ

ՀՀԿ-ն պետք է վերանա Հայաստանի քաղաքական դաշտից։ Ոչ թե իշխանությունից պետք է հեռացնել, այլ որպես քաղաքական ուժ այն պետք է վերանա։ Այսինքն՝ փակվի։ Ինքը չպետք է փակվի որպես քաղաքական ուժ, որը երկիրը հասցրեց այս վիճակին, ինքը պետք է փակվի որպես խայտառակություն, որի օրոք Հայաստանում բոլոր արժեքները գլխիվայր շուռ եկան։ Ինչպե՞ս են դատարանում վարվում կաշառակեր պաշտոնյայի հետ՝ օրենքի ուժով նրան զրկում են ցմահ որեւէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Եվ բնականաբար մի 5 տարի փակում են բանտում։

Չպետք է թույլ տալ, որ այդ քաղաքական ուժը դառնա ընդդիմություն։ Որովհետեւ եթե դարձավ ընդդիմություն, ունեցած փողերով կշարունակի ապականել Հայաստանի քաղաքական դաշտը։ Այսինքն՝ կդառնա ռեւանշիստական։ Ուրեմն, նախ պետք է այդ կուսակցությունը վերադարձնի երկրի փողերը։  Ինքնին փաստ է, որ իշխանությունը կորցնելուց հետո կուսակցության վերնախավը կփախչի Հայաստանից։ Փողերով հանդերձ։ Այսինքն՝ «գլուխը» կլքի երկիրը։ Իսկ անգլուխները, որոնք ՀՀԿ-ական են դարձել հենց այդ փողին մերձ լինելու համար, տեսնելով, որ իրենց կերակրողները փախել են, իրենց հերթին կլքեն կուսակցությունն ու նոր «գլուխ» կփնտրեն։ Իսկ նոր «գլուխ» փնտրողը չի կարող քաղաքական թիմի անդամ լինել, նա քաղքենին է եւ կոմֆորմիստը։ Եթե նա գտավ այդ քաղաքական ուժը, իր հերթին կապականի նրան, քանի որ աղանդի ձեւավորման սկզբունքի համաձայն, նոր մարդկանց կներքաշի դրա մեջ։ Ի դեպ, հենց այդպես է կենսունակ դառնում նաեւ քաղքենիությունը։ Երկիրը չի կարող գլխատել թեկուզ կաշառակեր քաղաքացուն, հետեւաբար պետք է գլխատի մտայնությունը։ Իսկ մտայնությունը միշտ սա է՝ ինչպես առավելագույնը կորզել իշխանությունից, այսինքն՝ ինչպես իշխանությունը ծառայեցնել սեփական անձին։ Հետեւաբար ՀՀԿ-ին հեռացնելը քիչ է, իսկ նրան առողջ քաղաքական ուժ դարձնելու հնարավորությունը՝ զրոյական։ Այդ կուսակցությունն իր Լեւոն Տեր-Պետրոսյանը չունի։ Չնայած դրան, այսօր Հայաստանում ցանկացած քաղաքական ուժ իր մեջ կրում է ՀՀԿ կոչվող քաղցկեղի բջիջները։ Այսինքն՝ քանի դեռ այդ կուսակցությունը կա, նրա իշխանավարման մեթոդներն «օրինակելի» են։

Որո՞նք են ՀՀԿ-ի գործունեությունը՝ որպես քրեական միավորի, արգելելու օրինական հիմքերը Հայաստանում։ Նախ նժդեհականության համար։ Այն ոչ անկախ երկրի գաղափարախոսություն է, ինչպիսին ՀՀԿ-ն ի վերջո դարձրեց Հայաստանը։ Երկրորդ, միահեծանությունը Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում՝ գործադիր, օրենսդիր, դատական (մենք հո գիտենք, որ բոլոր դատավորները մենթալիտետով Հանրապետական են, ՍԴ-ն դրա փաստացի օրինակն է)։ Միահեծանությունը, հայտնի փաստ է, բացառում է քաղաքական կյանքի աշխուժացման որեւէ հնարավորություն, որը նախատեսված է Սահմանադրությամբ։ Երրորդ հիմք՝ 2008-ից հետո տեղի ունեցած նախագահի, ԱԺ-ի, Երեւանի ավագանու բոլոր ընտրությունները։ Դրանք բոլորն անցել են կեղծիքներով, որոնց վկա կամ մասնակից են եղել տասնյակ հազարավոր մարդիկ։ Ով էլ որ լինի առաջին ընտրակեղծարարը Հայաստանում, ՀՀԿ-ի օրոք եւ մասնավորապես վերջին 5 տարում, այն ընտրական ինստիտուտը դարձրեց ամենաանիմաստ զբաղմունքը Հայաստանում։ Բավական է ասել, որ ընտրություններով իշխանություն չի փոխվում։

Հինգերորդ, ՀՀԿ-ն պետք է փակվի ժողովրդին որեւէ ինստիտուտի ձեւավորման գործոն լինելուց զրկելու համար։ Գրեթե բոլոր ինստիտուտների համար պատասխանատու են քրեականները, սակայն որպես օժանդակ ուժ։ Նշանակում է՝ իսկական քրեականությունն ավելի վերեւում է, այսինքն՝ իշխանության գագաթին։ Ուստի ՀՀԿ-ն պետք է հեռանա ոչ թե այն բանի համար, որ քրեական զանգվածը դարձել է ընտրակեղծարարության անքակտելի մաս, այլ որ ինքն է քրեականի մենթալիտետով հագեցրել իշխանությունը։ Այսինքն՝ Հայաստանում այսօր քաղաքական կառավարում գոյություն չունի, գոյություն ունի քրեական կառավարում։ ՀՀԿ-ն պետք է փակվի արտագաղթի պաշտոնական ցուցանիշների եւ ընտրողների ընդհանուր թվի անհամատեղելիության համար, նաեւ այն բանի համար, որ ընտրական ինստիտուտի որեւէ դրվագ չկայացնելով, չառողջացնելով օրենսդրորեն փակեց ընտրացուցակների մատչելիությունը ընդդիմության համար։ ՀՀԿ-ն պետք է փակվի հատկապես օլիգարխիայի գոյության համար ընդհանրապես եւ ԱԺ-ում նրանց ներկայության համար մասնավորապես։ Բոլորս ենք հիշում ԱԺ վերջին ընտրությունների քարոզարշավում ՀՀԿ ղեկավարի ելույթները, որոնցում աջակցություն էր հայտնում Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ այլոց։ ՀՀԿ-ն պետք է փակվի, որպեսզի երկիրը շնչի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել